Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են սոցցանցերի արցախցի օգտատերերին ներգրավել կասկածելի գործընթացների մեջ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի վարույթներում եղած քրեական գործերով, ինչպես նաև ԱՀ ԱԱԾ կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները շարունակում են կեղծ տեղեկատվական-վերլուծական կենտրոնների անվան տակ սոցցանցերի արցախցի օգտատերերին ու տեղեկատվական որոշակի աղբյուրների տիրապետող անձանց առերևույթ շահավետ առաջարկներով ներգրավել կասկածելի գործընթացների մեջ: Այդօրինակ հավաքագրումները բացառապես նպատակ ունեն անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Արցախի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակի, ինչպես նաև ինքնապաշտպանական հնարավորությունների վերաբերյալ:

Նման փոխգործակցությունները սովորաբար արդյունք են անվտանգային ռիսկերի սխալ հաշվարկման, չգիտակցված մոլորությունների կամ էլ նյութական շահերի սուբյեկտիվ գնահատման: Անծանոթ, օտարերկրյա ծագում ունեցող անձանց կամ կենտրոնների հետ համագործակցության բոլոր դրսևորումներն էլ պարունակում են Արցախի Հանրապետության պետականության հիմքերը խարխլելու, երկրի ներքին կայունությունը սասանելու և արտաքին անվտանգությունը թուլացնելու բացահայտ ռիսկեր, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է ծանր հետևանքների:

ԱՀ դատախազությունը կոչ է անում զերծ մնալ օտար ծագումնաբանությամբ կասկածելի անձանց կամ կառույցների հետ որևէ կարգի համագործակցային շփումներից, նմանատիպ առաջարկների դեպքում ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, իսկ անզգուշորեն գայթակղային թակարդում հայտնվելու դեպքում՝ այդ մասին անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը: Դրանով իսկ ժամանակին կկանխվեն երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները և կմեղմվեն դրանց իրավական հետևանքները:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ցանկացած գիտակցված կամ անզգույշ արարք, որը կարող է վնաս հասցնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը, ժամանակին կանխելը Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է:

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ