Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:

Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին:

Արցախի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տվյալ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար, ինչն իրականացվում է բարձր մեքենաներով՝ հաշվի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգավոր ռելիեֆը:

Իսկ Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որևէ վտանգ չի ներկայացնում որևէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները:

ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ