Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում: Նա նշել է, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է` կարեւորելով Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Կարեւորվել է նաեւ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ Գերմանիայի աջակցությունն այս հարցում:

Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել տարածաշրջանի եւ Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային խնդիրներին: Գերմանացի գործընկերները նշել են, որ աշխարհում ամեն օր ձեւափոխվում է անվտանգային ճարտարապետությունը` հանգեցնելով նոր վերադասավորումների:

Քննարկվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, Լաչինի ճգնաժամի հետեւանքները: «2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- նշել է Ալեն Սիմոնյանը` հիշեցնելով, որ Դատարանի որոշումից հետո` մարտի 5-ին, ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում եղավ, որին զոհ գնաց Լեռնային Ղարաբաղի երեք քաղաքացի:

Նա ընդգծել է, որ ակնկալում ենք գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում` ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանում նոր` ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում:

 ՀՀ Ազգային ժողով