Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անազատության մեջ գտնվող անձինք վերամասնագիտանում են Շվեդիայի կառավարության աջակցությամբ (ֆոտոշարք)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերժ Համբարձումյանը տատի համար նվեր է պատրաստում՝ իր իսկ ձեռքով բնական հումքից պատրաստված պինդ ու հեղուկ օճառներ։ Տեղադրում է տուփի մեջ, փաթեթավորում։

«Տուն եմ զանգելու, մերոնց կպատմեմ ինչ եմ սովորել, վկայականս էլ կստանամ, որ ազատվեմ՝ օճառ կպատրաստեմ, կվաճառեմ՝ անգամ եթե գործ էլ ունենամ»,-ասում է Սերժը։

«Հավասարը՝ հավասարին» ծրագիրը Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացրեց «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը։ Բացի «Գորիս» ՔԿՀ-ից, «Արմավիր»  ՔԿՀ-ում՝ ծաղկագործության եւ գրիչների ասեղնագործության դասընթաց էր կազմակերպվել։

Ծրագրի շրջանակում անազատության մեջ գտնվող 20 հոգի հնարավորություն ստացան վերամասնագիտանալու։ «Բացի վերամասնագիտանալուց, սա եւս մի քայլ է վերասոցիալականացման, մասնակիցները ծրագրի ավարտից հետո էլ կարող են աշխատել՝ պատրաստել օճառ, ծաղիկներ, ասեղնագործել գրիչներ։ Ծրագրի շրջանակում նրանց տրամադրել ենք հումք եւ աշխատանքային գործիքներ»,-ասում է «Հանուն Ազատության» ԻՀԿ նախագահ Իրինա Մանուկյանը։

Իհարկե, ծրագրի սկզբում դժվարություններ եղան, բայց դրանք արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ինչպես նաեւ ՔԿՀ-ների վարչակազմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում լուծվեցին։ «Չեմ զլանա մեկ անգամ եւ շնորհակալություն ասելու ՔԿԾ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադեւոսյանին, հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին, «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին, «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հայրապետ Անանյանին՝ առաջացած կազմակերպչական հարցերին արագ լուծում տալու համար»,-նշեց Իրինա Մանուկյանը։

«Արմավիր» ՔԿՀ-ում դասընթացը անցկացրեց ցմահ դատապարտյալ Կարեն Դալլաքյանը, իսկ «Գորիս» ՔԿՀ-ում «Նուռի» ընկերության տնօրեն Սուրեն Բաբայանը։ Եթե վերջինս առաջին անգամ էր պատիժ կրող անձանց հետ աշխատում, ապա Կարենը ընթացքում և՛ սովորում է, և՛ սովորեցնում։ Դասընթացավարները դժգոհ  չեն՝ բանիմաց ու գրագետ ուսանողներ ունեին։

«Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող անձ Կարեն Կարապետյանը ծանոթ էր ծաղկագործության հմտություններին, բայց եռամսյա դասընթացում ավելի զարգացրեց  գիտելիքներն ու արդեն իր սեփական մտահղացումներն է կոմպոզիցիա դարձնում։ «Մասնագիտությամբ վարսավիր եմ, եթե հնարավոր լիներ նման դասընթացի, շատ կցանկանայի ես էլ աշխատեի, բախտակից ընկերներիս վարսավիրական հմտություններ սովորեցնեի»,-իր ցանկությունը հայտնեց Կարենը։ Նրան լրացնում է Իրինա Մանուկյանը՝ նշելով, որ պատիժ կրող անձանցից դիմումներ ունեն՝ ծրագիրը շարունակելու խնդրանք-առաջարկներով։ «Կփորձենք դոնորի հետ համաձայնության գալ՝ հետագայում եւս նման դասընթացներ տարբեր քրեակատարողական հիմնարկներում կազմակերպելու համար։ Դատապարտյալների եւ կալանավորված անձանց  կարիքներն  արդեն գնահատել ենք, եւ տեղյակ ենք նրանց նախասիրություններից»,-ասաց տիկին Մանուկյանը։

Հետաքրքիր է նաեւ այն, որ ծրագրին արձագանքել են  դասընթացին մասնակցածների հարազատները։ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ Ռաֆայել Սուքիասյանի ծնողներն են շնորհակալական նամակով դիմել Հայաստանում Շվեդիայի դեսպանին։ «Ձեր ծրագիրը միայն ուշադրություն ու վերաբերմունք չէ, բանտարկյալի համար միայն ժամանց չէ: Ծրագիրը փարոս է՝ իրենց կյանքի շարունակության շուրջ մտորող բանտարկյալների համար, ուղեցույց է՝ պետության, նրա իրավապահ մարմինների համար: Ծրագիրը որոշակիորեն պարտավորեցնում է բանտարկյալին էլ, մեզ՝ նրա հարազատներին էլ: Նեղության մեջ հայտնվածներիս լույս, ջերմություն եք հաղորդում, չարից հեռացնում, բարության եք տրամադրում: Դուք հնարավորություն եք տալիս մարդկանց ինքզինքը, որպես մարդ, արժևորելու, նպատակադրվելու, օրն իմաստավորելու»,-գրել է Արա Սուքիասյանը։

Լուսանկարները տրամադրել է «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն, դրանք հրապարակվում են պատիժ կրող անձանց համաձայնությամբ

Արմեն ԴԱՎԹՅԱՆ