Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անհրաժեշտ է գործարկել միջազգային մեխանիզմները՝ կանխելու ցեղասպանությունը, Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք խումբ․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը արդեն ավելի քան երեք ամիս է շարունակվում է։ Այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հրավիրած համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ադրբեջանի գործողությունը համարվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում։ Այս կապակցությամբ փետրվարի 21-ին Միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ երթևեկությունն ապահովելու համար։ Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, որտեղ հիշատակվում է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, ունի իրավական պարտադիր ուժ։ Մենք շահագրգիռ կողմերին կոչ ենք անում գործուն քայլեր ձեռնարկել՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ՝ համապատասխան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Ցավոք, Լաչինի միջանցքի շրջափակումը չի համարվում եռակողմ պայմանավորվածությունների միակ խախտումը։ Այս տարվա մարտի 5-ին Ադրբեջանը հերթական ագրեսիան ցուցաբերեց․ Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անձնագրային ծառայության երեք ոստիկանների սպանությունը։ Կարևոր է ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն իր տեղեկագրում մարտի 6-ին հստակ ֆիքսել է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի գործունեության հետևանքով»,- ասաց նա։

Միրզոյանը հավալեց, որ ԼՂ հայ բնակչության հետ իրենց իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ բանակցելու փոխարեն Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտում է նախապատրաստում ԼՂ-ում։ «Ոչ մի կերպ չթերագնահատելով մեր ռուս գործընկերների ջանքերը 2020 թվականին հրադադարի հաստատման ուղղությամբ, ինչպես նաև ռուս խաղաղապահ կոնտինգենտի դերը՝ ստեղծված իրավիճակը թելադրում է ԼՂ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Անհրաժետ է գործարկել միջազգային մեխանիզմները՝ կանխելու ցեղասպանությունը, Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք խումբ։ Մենք հույս ունենք այս հարցում փոխգործակցել ռուսական կողմի հետ»,- ասաց նա։