Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անի Խաչատրյան․ «Հիմա ասում են` տրանսպորտի հարցը լուծված է, բայց չե՞ն մտածում, որ քաղաքացին ամեն ինչ տեսնում ու զգում է իր կաշվի վրա»․ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին Երեւանի քաղաքապետարանը որոշել է «վերակենդանացնել» «Ակտիվ քաղաքացի» հարթակը, որի միջոցով քաղաքացիները պետք է ինչ-որ նախագծեր ներկայացնեն Երեւանի քաղաքապետարան, եւ քաղաքապետարանի հավանությանն արժանանալուն պես դրանք պետք է կյանքի կոչվեն: Նման հարթակներ անցյալում էլ են գործել` տարբեր անուններով, անգամ առաջարկությունների արկղեր էին տեղադրվում մայրաքաղաքում, մրցույթներ էին անցկացվում` լավագույն առաջարկի, բայց թե դրանք հետո ինչ եղան` այլեւս ոչ մեկը չի հիշում: Այս հարթակի մասին խոսակցությունները երկու բացատրություն ունեն. մեկն այն է, որ Երեւանի ընտրություններն են մոտենում, եւ երեւանցու քվեի կարիքն ունեցող իշխանությունը որոշել է ցույց տալ, թե երեւանցու կարծիքն էլ է հաշվի առնում եւ անգամ նման հարթակներ է ստեղծում, որ շարքային քաղաքացին իր ձայնը հասցնի վերեւներին: Երկրորդ պատճառն անցած շաբաթվա աղմուկն է` Կասկադում հատված բազմամյա ծառերի հետ կապված:

Ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի խոսքով` առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են, ուստի որոշել են գործի դնել «Ակտիվ քաղաքացի» հարթակը։ «Նախընտրական փուլ է, ամեն ինչ էլ կստեղծվի, բայց դա այն հարթակն է, որը չաշխատեց այնպես, ինչպես պատկերացնում էինք: Եթե չեմ սխալվում, այն կյանքի է կոչվել Հայկ Մարությանի՝ քաղաքապետ եղած ժամանակ: Հիմա ինչ արվում է, արվում է նախընտրական տրամաբանության մեջ: Թեկնածուների նախընտրական ծրագիրը, ըստ իս, պետք է լինի հինգ տարվա համար նախատեսված, որ հաջորդ հինգ տարիների ընթացքում այս վիճակը չլինի: Բոլորը խոստումներ են տալիս: Հինգ տարի ժամանակ ունեինք, օրինակ, Երեւանի տրանսպորտի հարցը լուծելու համար: Բոլոր քաղաքական ուժերը խոստանում էին տրանսպորտի հարցը լուծել, սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հարցը չի լուծվել: Հիմա նախընտրական շրջան է, նորից խոստանալու են տրանսպորտի հարց լուծել: Ասեմ ավելին` հիմա ասում են` տրանսպորտի հարցը լուծված է, բայց չե՞ն մտածում, որ քաղաքացին ամեն ինչ տեսնում ու զգում է իր կաշվի վրա: Ավտոբուս գնելը տրանսպորտի հարց լուծել չէ»,- եզրափակեց Անի Խաչատրյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: