Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ապրիլի 1-ից կառավարությունը կթաքցնի պաշտոնյաների գործուղման ծախսերը, դատախազների աշխատավարձերը կբարձրացնի 92 %-ով, և այլն

ՀՀ կառավարությունը նախորդ տարվա ընթացքում ընդունել է մի շարք օրենքներ և որոշումներ, վավերացրել համաձայնագրեր, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի ապրիլի 1-ից:

Այսօրվանից ՀՀ դատախազների աշխատավարձերը կբարձրանան 92 %-ով

Գործադիր մարմնի նախաձեռնությամբ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներն ընդունել են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը լրացվել է հետևյալ հոդվածով. «Դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 %-ի չափով»: Օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

Ապրիլի 1-ից ՀՀ պետական բյուջեից հանվում է պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղման ծախսերի մասին տողը

ՀՀ կառավարության՝ մարտի 23-ին կայացած նիստում ընդունվել է կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը, որով 2023թ-ի բյուջեից հանվել է «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» տողը։ Գործող կարգավորումներով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեում ներկայացվում են առանձին տողով, իսկ նոր որոշմամբ, այսուհետ այդ գումարները բաշխվելու են պետական մարմիններին` ներառելով տվյալ կառույցի պահպանման ծախսերում: Որոշումը կրկին ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:


Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները կվերապատրաստվեն նոր կարգով

Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ փոխվարչապետի որոշմամբ հաստատվել է «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման կարգը»։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրության հաստատման ուժով ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը դադարեցրել է իր գործունեությունը ոստիկանությունում և համարվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մաս։ Ըստ հաստատված կարգի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ողջ անձնակազմը տասը ամիսների ընթացքում կվերապատրաստվի համապատասխան թեմաներով: Երկշաբաթյա դասընթացից հետո յուրաքանչյուր աշխատակից անցնելու է թեստավորում: Թեստավորման փուլի համար սահմանված ներքին շեմը հաղթահարած մասնակիցների շրջանում անցկացվելու է հարցազրույց՝ Ներքին գործերի նախարարի հրամանով ձևավորվելիք հանձնաժողովի կողմից: Վերապատրաստումն անցած աշխատակիցները կնշանակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան պաշտոններում: Կարգն ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից, իսկ վերապատրաստման գործընթացը տևելու է տասը ամիս: Վերապատրաստումն իրականացվելու է ԵՄ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերների աջակցությամբ:

ԱՊՊԱ-ի շուկան ազատականացվում է

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի վճարման կարգի փոփոխություն կլինի: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2023 թվականի մարտի 21-ին գրանցել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խորհրդի հաստատած «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ին, բացառությամբ կանոններում կատարված որոշ փոփոխությունների և լրացումների, որոնք ուժի մեջ կմտնեն ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունները ներդրվելուց հետո։ Նոր կարգով այլևս չի լինի ապահովագրության միասնական չափ, այլ ընկերություններն իրենք կառաջարկեն իրենց ծառայության գները, որոնց վարորդները կարող են ծանոթանալ առցանց հարթակում:

Առցանց անմաքս առևտրի շեմը 2023 թվականի ապրիլի 1-ից չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2022թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն: 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Նշված որոշումը հրապարակվել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թ․ մարտի 21-ին և ուժի մեջ է մտել հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թ․ մարտի 31-ին։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200․000 ՀՀ դրամ և (կամ) 31 կգ, հետևաբար շարունակելու է գործել սահմանված 200․000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերվում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։

ՀԷՑ-ի նոր բաժանորդները ցանցին միանալու համար նախկինից 2-3 անգամ ավել կվճարեն

2023 թվականի ապրիլի 1-ից ՀԷՑ-ի նոր բաժանորդների՝ ցանցին միացման վճարները 2-3 անգամ թանկացել են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշումն ընդունել է 2022 թվականի գարնանը:  Հաստատվել է միացման վճարների գների սանդղակ՝ կախված միցման կետի հեռավորությունից, բնակավայրից, լարումից և այլն:

Ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ Դեղագրքի փոփոխությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ Դեղագրքի փոփոխություններին, որոնք դեղերի որակի գնահատման միասնական մոտեցում են սահմանում Միության անդամ պետությունների համար։ Դրանք ուժի մեջ կմտնեն 2023թ. ապրիլի 1-ից։ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում նախկինում գրանցված դեղարտադրողները պետք է մինչև 2026թ հունվարի 1-ը դեղերի որակի վերաբերյալ նորմատիվ իրավական փաստաթղթերը համապատասխանեցնեն Միասնական դեղագրքին։ Փոփոխությունները ներառում են 144 նոր ընդհանուր դեղագործական հոդվածներ, ինչպես նաև՝ նախատեսում են որոշ փոփոխություններ արդեն գործող ընդհանուր հոդվածներում: Ընդհանուր դեղագրության հոդվածները ներառում են դեղերի որակի փորձարկման մեթոդների և ընթացակարգերի նկարագրություններ, տարբեր տեսակի դեղաձևերի (հաբեր, կապսուլաներ, քսուքներ, աերոզոլներ և այլն), ինչպես նաև՝ դեղերի փաթեթավորման պահանջներ, որոնք անհրաժեշտ են՝ հաստատելու դրանց պատշաճ որակն ու արդյունավետությունը: ԵԱՏՄ Դեղագրության կոմիտեն պատրաստել է ավելի քան 70 ընդհանուր դեղագրության հոդվածի (մենագրության) նախագիծ՝ ԵԱՏՄ Դեղագրության երրորդ մասի համար։ Այս նախագծերի նախնական քննարկմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով։ ԵԱՏՄ Դեղագիրքն աշխարհում 90-ից ավելի ազգային դեղագրքերից երկրորդ տարածաշրջանային դեղագրությունն է՝ ներառված է այն համաշխարհային դեղագրքերի ցանկում, որը վարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։