Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Քննարկված հարցերից առանցքայինը, բնականաբար, ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներն էին: Մեկ անգամ ևս վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, այն է՝.

ա) միջնորդական առաքելության առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մեզ համար շարունակում է մնալ ամենաընդունելին,

բ) բանակցային գործընթացում առանց Արցախի Հանրապետության՝ որպես լիիրավ կողմի լիարժեք մասնակցության անհնար է որևէ առաջընթաց ունենալ և արդյունավետ լուծումներ գտնել:

Իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշումն ու ռազմատենչ հայտարարությունների շարունակումը կողմերին միայն զրկում է խաղաղ կարգավորման գործընթացում իրական արդյունք ապահովելու հնարավորությունից»: