Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Բաբալարյան. «Ես երբեք գոհ չեմ լինում, քանի որ միշտ կարելի է ավելին անել»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականը Բուխարեստում անցկացված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում նվաճել է մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ, զբաղեցրել մեկ հինգերորդ տեղ եւ ընդհանուր թիմային հաշվարկում 30-ից ավելի երկրների մեջ գրավել է 5-րդ տեղը:

Արմենպրես լրատվականում այսօր հրավիրված ասուլիսում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, որը թիմը տարել էր Ռումինիա, ասաց, որ ինքը երբեք գոհ չի լինում մրցումների արդյունքներից, եթե կարելի էր ավելին անել:

Արմեն Բաբալարյանը առանձին-առանձին ներկայացրեց բոլոր ըմբիշների մասնակցությունը, տվեց մրցելույթների իր գնահատականները: Որպես թերություն նա առանձնացրեց այն, որ որոշ ըմբիշներ ամբողջ հինգուկես րոպե եւ ավելի հաշվի մեջ առաջ լինելով, չեն պայքարում մինչեւ եզրափակիչ սուլիչը: «Թուլացնում են կենտրոնացվածությունը, զգոնությունը ու արդյունքը լինում է այն, որ վերջին վայրկյաններին պարտվում են»,-ասաց նա:

Հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը հավելեց. «Հավաքականի մեր մի քանի ըմբիշներ 5 րոպե 45 վայրկյան կրելով՝ վերջում թուլանում են՝ մտածելով, որ արդեն հաղթել են: Այս առաջնությունում էլ դա նկատվեց: Մարզիչներով ուշադրություն դարձրել ենք այդ հանգամանքի վրա եւ դա վերացնելու ուղղությամբ անպայման աշխատելու ենք, որպեսզի հաջորդ անգամներին նման բաները չկրկնվեն: Այսօր մենք չորս մեդալ ունենք, բայց, ինչու չէ, կարող էինք երկու մեդալ ավելի ունենալ»:

Անդրադարձ եղավ նաեւ Կարապետ Մանվելյանի հետ ադրբեջանցի ըմբիշի ոչ մարզական պահվածքին: «Ես, մենք հաղթանակներին ու պարտություններին մոտենում ենք զուտ մարզական տեսանկյունից: Հաղթեցիր կամ պարտվեցիր, սեղմիր մրցակցի ձեռքը: Դա նորմալ է, որովհետեւ սպորտ է: Մենք մեր մարզիկներին այդպես ենք սովորեցնում, ինչը ենթադրաբար, այդպես չէ նրանց պարագայում: Ըմբշամարտում նման դեպքերի համար կանոնները խիստ են: Անգամ մարզիչների համար: Լավ էր, որ Կարապետն իրեն կարողացավ զսպել ու մարզիչներս էլ հասցրինք նրան հուշել:

Ընդհանրապես, այդ երկրի ներկայացուցիչները սադրելու լավ փորձ ունեն: Գորգի վրա, գոտեմարտի ժամանակ աննկատ մի արգելված գործողություն կանեն: Եվ եթե պատասխանեցիր, քո գործողությունը տեսանելի կլինի բոլորին, իսկ նրանը կարող է մնալ աննկատ: Կարապետ Մանվելյանի հետ միջադեպից հետո, ավելի ուշ նրանց մարզիչները, այդ երիտասարդի ձեռքը բռնած եկան ու ներողություն խնդրեցին տեղի ունեցածի համար»,-ասաց Արմեն Բաբալարյանը:  Իսկ Կարապետ Մանվելյանին ուղղած Aravot.am-ի հարցին, թե ինքը դա ներե՞ց ադրբեջանցի ըմբիշին, գյումրեցի մեր տղան պատասխանեց կարճ. «Հաջորդ անգամ էլ մրցագորգում նրան կպատժեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ