Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արթուր Հարությունյան․ «Ադրբեջանցիների սադրանքներն ու «սքանի» տեղադրման հարցը փորձ էր՝ ստուգելու մեր եւ խաղաղապահների արձագանքը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

 «Կա եռակողմ համաձայնագիր, ըստ որի, Լաչինի միջանցքում վերահսկողություն են իրականացնում ռուս խաղաղապահ ուժերը։ Ոչ մի հենակետի տեղադրման կամ Ադրբեջանի կողմից վերահսկողություն իրականացնելու մասին խոսք լինել չի կարող։ Մենք հանդիպել ենք խաղաղապահների հրամանատարի հետ, նա հավաստիացրել է, որ նման բան չկա, ոչ մի պայմանավորվածություն չկա հենակետի տեղակայման մասին, եւ դա անթույլատրելի է, որովհետեւ դա կլինի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում։ Եռակողմ համաձայնագրում նշված է, որ Լաչինի միջանցքը պետք է անխափան ցամաքային  կապ ապահովի Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության պատգամավոր Արթուր Հարությունյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 3-ին Լաչինի միջանցքում մի խումբ ադրբեջանցիների սադրիչ գործողություններին։

Հիշեցնենք, որ  քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ բնապահպանական ինչ-որ պատճառաբանություններով։

Ադրբեջանական կողմը պահանջում է միջանցքում հենակետ տեղադրել, Արցախի ԱԱԾ-ն հերքել է, որ այդտեղ հենակետ է տեղադրվելու։ Հենակետ տեղադրելու ադրբեջանական պահանջին նախորդել էր նրանց ԱԳՆ-ի հայտարարությունը, իբրեւ թե այս տարվա օգոստոսից Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանին՝ Քելբաջարի եւ Լաչինի հատվածներում, «հայտնաբերվել է 1119 ական, ղարաբաղյան տնտեսական շրջանում՝ 1609 ական՝ արտադրված Հայաստանում 2021 թվականին»: Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ հայտնաբերված ականները վկայում են, որ Հայաստանը Լաչինի միջանցքն «օգտագործել է ապօրինի ռազմական գործունեության համար»։

Ադրբեջանցի փորձագետները ճանապարհը փակելու այդ գործողությունը համարում են «փափուկ հետախուզություն»։ Նրանք գրում են՝ «Հայերը հասկանում են, որ մի գեղեցիկ օր Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհին կլինեն ադրբեջանցի սահմանապահների և մաքսավորների դիրքեր։ Այն, որ շաբաթ օրը ճանապարհը երեք ժամ փակ է մնացել, իսկ ադրբեջանական գերատեսչությունների աշխատակիցները բանակցել են ռուս խաղաղապահների հետ, դրա օրինակն է։ Զարկերակային ստուգումը հաջող է անցել»։

Արթուր Հարությունյանն էլ, անդրադառնալով բնապահպաններ ներկայացած ադրբեջանցիների սադրանքներին, ասում է․«Դա ոտնձգություն էր Լաչինի միջանցքում, որպեսզի  ստուգեին ռուս խաղաղապահների եւ մեր արձագանքը։ Սա, իհարկե, կապ չուներ անցակետի տեղադրման հետ։ Դա պարզապես պատրվակ էր, հերթական սադրանքն էր»։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում բեռները ստուգող սքանավորող կամ «ռենտգեն» սարքավորման տեղադրմանը, Հարությունյանն ասում է․«Մենք ասել ենք մեր տեսակետը՝ դա անընդունելի է, այդ սքանի տեղադրումը նույնպես եռակողմ հայտարարության  տրամաբանության մեջ չի մտնում։ Եվ դա նույնպես փորձ էր ստուգելու մեր եւ խաղաղապահների արձագանքը»։

Ի պատասխան ադրբեջանական սադրանքների՝ պատգամավորն ասում է․« ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ մնացած բոլոր միջազգային նորմերի համաձայն՝ մենք ունենք ինքնապաշտպանվելու իրավունք։ Հղում են անում եռակողմ հայտարարության 4-րդ կետին, թե  շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ՝ դուրս են բերվում հայկական զինված ուժերը: Դա չի նշանակում, որ մենք ինքնապաշտպանություն իրականացնելու իրավունք չունենք, եւ դա բերել մեկը մյուսի հետ կապելն անիմաստ է եւ անտեղի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ