Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի պետնախարարը Ռուբեն Վարդանյանին հորդորում է դիմել իրավապահ մարմիններին

«Պարենային ապրանքների գնաճի հետ կապված Ռուբեն Վարդանյանի այն պնդումները, որ «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին», երևույթներ են, որոնք առերևույթ վկայում են կոռուպցիոն բնույթ կրող արարքների գոյության մասին, որոնց վերաբերյալ պարոն Վարդանյանը երբեք չէր հայտարարի և պնդում չէր անի, եթե չունենար հիմնավոր փաստեր»,-ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է տարածել Արցախի պետնախարար, նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Նա նաև նշել է.

«Նման պարագայում համոզված եմ, որ Ռուբեն Վարդանյանը կա՛մ դրանք արդեն ներկայացրել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, կա՛մ կներկայացնի առաջիկա օրերին»։

Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որում վերջինս մասնավորապես նշել էր՝ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»: