Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը իմ աշխատասենյակում ասում էին՝ խի՞ սենց արեց, մենք չհասկացանք, ինքը պետք է պատժվի». Վլադիմիր Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում միջադեպ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ, որի արդյունքում Վարդանյանի ունքը պատռվածք է ստացել, իսկ Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հանձնաժողովի նիստում քննարկման ընթացքում մի պահ բնականոն ընթացքը խաթարվել է, ինքն էլ, որպես նիստ վարող, փորձել է բովանդակային քննարկման դաշտ բերել. «Իմ իրավաչափ պահանջին, որ արեք վերադառնանք քննարկման փուլ, պարոն Սահակյանն ասեց, որ դուք չեք կարա մեր վրա ձայն բարձրացնեք, ասեցի՝ ես նիստը վարում եմ, շարունակում եմ վարել, բա չեք կարա, չեք կարա…Մոտեցավ ինձ ու առանց որեւէ բան անելու հարձակվեց վրես, հարձակվելուց հետո դիմեց փախուստի»:

Նա հերքեց ընդդիմադիրների պատմածները, որ ինքն է վեր կացել ու քայլ արել դեպի Մհեր Սահակյանը: Նրա խոսքով՝ ինքը, ընդհակառակը, բերել է կոմպրոմիսի. «Այս անգամ միջադեպը տեւել է 1 րոպե եւ ըստ էության, ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները, որպես նիստը վարող, պարզապես պահանջել եմ, որ հանդարտվեն եւ հարգեն միմյանց: Ես քայլ դեպի Սահակյան չեմ կատարել ու չէի էլ կարող կատարել: Պարոն Սահակյանն ինքն է բարձրացել տեղից, մոտեցել եւ հարվածել»:

Ինչ վերաբերում է հարվածի հետեւանքներին՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ բավականին զգալի կտրվածք է եղել, 2 կար են դրել. «Բավականին ծանր հարված էր, վաղը կմասնակցեմ դատաբժշկական փորձաքննությանը»: Վարդանյանն արդեն ցուցմունք է տվել, քրեաիրավական գնահատականը թողեց համապատասխան մարմիններին, քաղաքական գնահատական տալով՝ ասաց, որ ընդդիմադիր պատգամավորը, որը երբեւէ հանձնաժողովի նիստերին բովանդակային քննարկում չի ունեցել, եթե այս կարգի գրգռվել է ու հարվածել է, դա խոսում է «Հայաստան» խմբակցության կողմից որոշակի վերաբերմունք արտահայտելու անհրաժեշտության մասին. «Միջադեպից հետո պարոն Արծվիկ Մինասյանը, հատկապես Գեղամ Նազարյանը, որը նաեւ իմ աշխատասենյակում էր, ասում էր՝ շատ վատ բան ստացվեց, խի՞ սենց արեց, մենք չհասկացանք, ինքը պետք է պատժվի: Եվ հիմա մամուլում տեսնում ենք մեկնաբանություններ առ այն, որ ես եմ նախահարձակ եղել, ես եմ պրովոկացիա արել: Սա ոչ հարիր մանիպուլյացիաներ են, որն ինձ համար անընդունելի է: Սահակյանն այնպես է փախչել սենյակից, որ որեւէ մեկը չի հասցրել տեսնել նույնիսկ նրա փախուստի ընթացքը: Մինասյանը փորձում էր միջադեպից հետո հանդարտեցնել, ասելով, որ նրան մենք կպատժենք եւ ես զարմանում եմ, երբ հիմա լսում եմ ԶԼՄ-ներից, որ դեռ ես եմ նախահարձակ եղել եւ ինքնապաշտպանությունից դրդված՝ անձը նման հարված է հասցրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ