Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշխարհում ընթացող իրադարձությունները մարդկանց տանում են բեւեռացման

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Աշխարհի բնակչությունը վերջերս հատեց 8 միլիարդի սահմանը, հետաքրքիր է՝ եղած իրավիճակի նմանատիպ շարունակությունն ուր կարող է տանել մարդկությանը

Նախ շեշտենք, որ մարդու կյանքն առաջին հերթին որոշվում է նրանով, թե ով որ երկրում է ծնվել, ինչ սկզբնական կարգավիճակ է ունեցել, որով էլ հետագայում կորոշվի տվյալ մարդու կյանքի հետագա ընթացքը: Այլ խոսքով, մարդու կյանքի սկզբնական կարգավիճակը զուտ բախտի բան է, քանզի ինքը չի որոշում իր այդ կարգավիճակը՝ որտեղ եւ ինչ սկզբնական կարգավիճակով՝ կարողությամբ կսկսի իր կյանքը: Իսկ կյանքի հետագա ընթացքում համարյա ամեն ինչ որոշվում է նրանով, թե տվյալ մարդն ինչպիսի նախնական բազայի վրա եւ ինչպիսի որակական մակարդակով է կառուցում իր կյանքը: Փորձենք ներկայացնել, թե ինչ է սպասվում նրանց:

Աշխարհում ընթացող իրադարձությունների այսօրվա վիճակի մասին կարելի է ասել, որ այն չափազանց բարդ է, քանզի առօրեական իրադարձություններից զատ, փաստացի աներեւակայելի լարված ընթացքով, սարսափելի մեծ կորուստներով է ընթանում Ռուսաստան-Ուկրաինա-Արեւմուտք-Եվրոպա-ՆԱՏՕ անմարդկային, դաժան հակամարտությունը, որն այս պահին կրում է «Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ» անվանումը, որի վերջը դեռեւս չի երեւում: Եթե մինչ փետրվարյան հատուկ օպերացիան աշխարհի ժողովուրդների կյանքն ընթանում էր համարյա հարաբերական կայուն վիճակով, մարդիկ ապրում էին այնպես, ինչպես համարյա բոլորս, տեղեկացված էինք, սակայն այդ օպերացիայից հետո կյանքի ընթացքը համարյա ամբողջ աշխարհում էական փոփոխությունների է ենթարկվել:

Հատկապես ԱՄՆ-ի, ողջ Արեւմուտքի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի բոլոր երկրները իրենց բյուջեներից առ այսօր սարսափելի մեծ ֆինանսական, ռազմական եւ այլ տիպի հատկացումներ են կատարում Ուկրաինային, որն ուզած, թե չուզած՝ էականորեն ազդում է նրանց բյուջեների ծախսային մասերի վրա, հատկապես բոլոր ուղղություններով մեծացնելով այդ երկրների բնակչության տարաբնույթ ծախսերը, որը մեծ դժգոհություններ է առաջացնում այդ երկրների բնակչության շրջանում ու շոշափելիորեն վատացնում այդ երկրների բնակչության սոցիալական վիճակը: Այդ երկրների համարյա մեծ մասում բնակչության ճնշող մեծամասնությունը չի կարողանում անգամ կոմունալ վճարները նորմալ կատարել, որի արդյունքում շատ-շատերը պարտադրված վաճառում են անգամ բնակարանները եւ մի կերպ վարձով ապրում: Այն, որ նախքան Ռուսաստանի կողմից հատուկ օպերացիայի սկսելն էլ աշխարհում մարդկանց ապրելու վիճակը գնալով բացասական ընթացքի տենդենց էր ենթադրում, արդեն նկատելի էր, այսօր առավել եւս այդ օպերացիայի նախաձեռնելուց հետո այդ վիճակը գնալով էլ ավելի է վատանում:

Ավելին, գնալով աշխարհի շատ կետերում կշեռքի նժարին է դրված մարդկանց գոյատեւման հնարավորության խնդիրը: Գաղտնիք չէ, որ աշխարհում ընթացող իրադարձությունները մարդկանց տանում են այնպիսի բեւեռացման, որի արդյունքում կապիտալի բեւեռացումը եւս աներեւակայելի չափերի է հասնում, որի արդյունքում աղքատներն էլ ավելի են աղքատանում, իսկ ունեւորներն ավելի են հարստանում եւ այդ ֆոնին համարյա անհնարին է դառնում չունեւորների գոյատեւելու հնարավորությունը, քանզի աշխարհում առկա ֆինանսական միջոցները եւս սահմանափակ են ու հարուստներն էլ ավելի են հարստանում հենց չունեւորների միջոցների հաշվին ու չունեւոր բնակչության ճնշող մեծամասնությունը փաստացի հայտնվում է օրհասական վիճակում, որի պարագայում ուղղակի անհնարին է դառնում նրանց գոյատեւելու հնարավորության հարցը: Եթե այս ուղղությամբ լուրջ հետազոտություններ իրականացվեն աշխարհում, ապա պարզ կդառնա, որ աշխարհի բնակչության ահռելի մեծամասնությունը հայտնվել է զուտ գոյատեւման հնարավորության վտանգի առջեւ եւ գնալով այդ տենդենցն ավելի ցայտուն է դառնալու: Այս ամենը ոչ միայն մարդկանց միջեւ է մրցակցային պայքար ստեղծում, այլեւ այն բերում է տարբեր երկրների միջեւ պայքարի, որն էլ խախտում է աշխարհի կայուն հավասարակշռությունը:

Հենց սա է այն հիմնական պատճառը, որը տանում է աշխարհի հավասարակշռության լրջագույն խախտումների, խաթարելով աշխարհի կայունության հիմքերը: Էլ չեմ ասում, որ եթե սրան էլ ավելացնենք այն իրողությունը, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ Ռուսաստանի ձեռնարկած հատուկ օպերացիան վերաճել է չհայտարարված ու աննկատ երրորդ համաշխարհային պատերազմի, նույնիսկ ավելին, արդեն բավականին ռեալ է միջուկային պատերազմի սկսման հավանականությունը, ապա այդ ֆոնին պարզ է դառնում, թե մոտ ապագայում ինչպիսին կլինի մարդու գոյատեւման հնարավորությունն ամբողջ աշխարհում:

Թող Տերը խելք ու միտք տա աշխարհի հզորների ղեկավարներին, որպեսզի խոհեմ մտածեն եւ աշխարհը չտանեն կործանման …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ