Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այ դրա արած հայտարարությունների ֆոնին հարուցվել է այս քրեական գործը»․ Վլադիմիր Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր։ Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։ Մեղադրող կողմն այսօր հրապարակեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները։

Դատավորը դիմեց ամբաստանյալներից Վլադիմիր Գասպարյանին․ «Դուք մեղադրվում եք առանձնապես խոշոր չափերով երկու դրվագով վատնում կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ կրկին երկու դրվագով։ Դատարանն առաջարկում է ձեզ դիրքորոշում հայտնել մեղադրանքի առնչությամբ։ Դուք պարտավոր չեք հարցին պատասխանել, դա դատարանը չի մեկնաբանի ի վնաս ձեզ»։

Վլադիմիր Գասպարյանն ասաց․ «Բացարձակապես չեմ ընդունում մեղադրանքները։ Ավելին՝ աղջկաս պահով համարում եմ, որ անպարկեշտություն է միս ու արյուն տալու համար դա շահարկելը։ Վիրավորված եմ այնքանով, որքանով․․․։ Խնդրում եմ ԶԼՄ-ներին չգովազդել։ Մի կերպար կա, որը նստած է ԱՄՆ-ում եւ այդ երկրից բոլորին վարկաբեկում է։ Դա Վարդան Ղուկասյան երեւույթն է»։

Դատավորը հորդորեց խոսել մեղադրանքի շրջանակում։

Վլադիմիր Գասպարյանը շարունակեց․ «Այ դրա արած հայտարարությունների ֆոնին հարուցվել է այս քրեական գործը։ Զուտ նրա համար, որ․․․ես չեմ մեղադրում քննչականին։ Գուցե շատերն ունենային այդ դիրքորոշումը, որովհետեւ ոչ մեկին հաճելի չէ, որ լկտի բառերով մի երևույթ ասում է, որ եթե դա չանեն՝ ինքը կմտնի իրենց ընտանիքներ։ Ուստի չեմ ընդունում բացարձակապես»։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Գասպարյանը, ըստ մեղադրանքի, ոստիկանության հաշվեկշռում գտնվող երկու անշարժ գույք ապօրինի հատկացրել է բնակարանի կարիք չունեցող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մեկ այլ գույք նվիրել է ոստիկանության զորքերում առանց աշխատանքի գնալու գրանցված եւ այլ զբաղմունք ունեցած անձի՝ իր դստեր պրոդյուսերին։ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ․-ից աշխատել է ոստիկանությունում, բայց աշխատանքի չի գնացել ու տարեկան ստացել է մոտ 9 միլիոն դրամ (նաեւ փոխգնդապետի կոչում): Ոստիկանությունում աշխատել է նաեւ Վլադիմիր Գասպարյանի կինը, բայց երկարաժամկետ բացակայություններ է ունեցել (ստացել է գնդապետի կոչում): Վլադիմիր Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում, բայց պետությանը պատճառված 114 միլիոն դրամի կեսը վերականգնել է։

Մյուս ամբաստանյալ Լեւոն Երանոսյանը պատասխանեց, որ չի ընդունում մեղադրանքը․ «Ընթացքում կպարզաբանեմ»։

Հիշեցնենք, որ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև` կատարել է պաշտոնեական կեղծիք: Բացի այդ, այլ անձի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ լուսանկարում մեղադրող-դատախազն է․ Aravot.am-ը պահպանելով դատարանի որոշումը՝ չի տեսանկարահանում մեղադրյալներին, քանի որ նրանք չեն ցանկացել։