Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այդ կեղծ քարտեզները ժամանակին ներկայացրել են Ազգերի լիգա եւ մերժում ստացել: Նման մի «քարտեզ» ես տեսել եմ, դա ադրբեջանական երազանքն արտացոլող նկար է. Շահեն Շահինյան. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը, հղում անելով իր «հավաստի աղբյուրներին», երեկ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որով ներկայացնում էր խաղաղության դիմաց Ադրբեջանի՝ Հայաստանին ուղղված պահանջները:

Ներկայացված պահանջներում, սակայն, առանցքային է, թե որ քարտեզներով է Ադրբեջանը պահանջում իրականացնել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը, որը փաստացի դոփում է տեղում, չնայած այս հարցով հանձնաժողով է ձեւավորվել, երկու անգամ հանձնաժողովների կազմերը հանդիպել են, սակայն, փաստացի, գործընթացում տեղաշարժ չկա։

Քարտեզագետների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ Ադրբեջանը մեզ դեմ է տվել վատագույն տարբերակը, քանի որ 19-20 թթ․ պաշտոնական քարտեզներ գոյություն չունեն, իսկ գոյություն ունեցող տարբերակները բացառապես արտահայտում են Ադրբեջանի երազանքները։

Գեոդեզիստ-քարտեզագիր Շահեն Շահինյանն ասում է, որ այդ տարեթվերի տեղագրական-ռազմական քարտեզներ, հանրապետությունների միջեւ ստորագրված պաշտոնական քարտեզներ գոյություն չունեն, Ադրբեջանն ինքն է իր համար մի քանի այդպիսի քարտեզ նկարել, ուստի նման պահանջ ներկայացնելով՝ գնում է կեղտոտ մանիպուլյացիայի, քանի որ փորձելու են նշված թվականներին ստեղծած կեղծ քարտեզներով իրականացնել իրենց ցանկությունները։ «Իրենք այդ կեղծ քարտեզները ժամանակին ներկայացրել են Ազգերի լիգա եւ մերժում ստացել։ Այդ, այսպես կոչված, քարտեզները ստեղծվել են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարիներին, եւ իրենք իրենց մեջ պարունակում եմ բավականին մեծ պրետենզիաներ, մեծ պահանջներ են պարունակում։ Օրինակ, նման մի քարտեզ ես տեսել եմ, որը քարտեզ անվանելը սխալ է, դա ավելի շուտ նկար է, համաձայն այդ նկարի՝ Սյունիքի մարզը, այսինքն՝ նախկին ռուսական կայսրության կազմում գտնվող Զանգեզուրն ամբողջությամբ, Նախիջեւանը, լեռնային եւ դաշտային Արցախը գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Ահա, սա է իրենց պահանջը կամ, ավելի շուտ՝ երազանքը»,- ասում է Շահինյանը եւ շեշտում, որ գուցե գոյություն ունենան ռուսական կայսրության այն ժամանակվա վարչատարածքային բաժանման մասին քարտեզներ, բայց ո՛չ հանրապետությունների միջեւ ստորագրված լեգիտիմ քարտեզներ, որոնք, ըստ քարտեզագետի, չեն կարող սահմանազատման եւ սահմանագծման համար իրավական հիմք հանդիսանալ: Բայց քանի որ Հայաստանը թույլ կողմ է, ուստի փորձ է արվում ցանկացած բան պարտադրել։

Քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանն էլ նկատում է, որ 1919-20 թվականների «քարտեզներում» անկլավներ գոյություն չունեն, կա տարբերակ, որտեղ Նախիջեւանը Հայաստանի սահմաններում է գտնվում․ «Բայց, կրկնում եմ, այս քարտեզները չեն կարող հիմք դառնալ, որովհետեւ 19-20 թվականների սահմանները գոյություն չունեն, Ադրբեջանը 1969-1970 թթ․ է վավերացրել խորհրդային սահմանները, այդ նույն սահմաններով անկախ Ադրբեջանը ստեղծվել է 1991 թվականին։ Իսկ 19-20 թվականներին նկարած քարտեզներ կարող եմ ցույց տալ, որ իրենք ասում են՝ ամենն իրենցն է․ Զանգեզուրը, Սեւանը, ամենը, բայց փաստ է, որ օրինական քարտեզ գոյություն չունի։ Գիտեք՝ այդ տրամաբանությամբ մենք էլ կարող ենք Մասիս սարը գծել այդ թվականների քարտեզի վրա, գնալ ասել, որ սա մերն է եղել։ Այդ թվականներին մոտ օրինական քարտեզը 1926 թվականին հրապարակված Ադրբեջանի եւ սովետական հանրապետությունների քարտեզն է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: