Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այս անգամ ԱՄՆ-ն չի՞ փրկելու Ռուսաստանը․ ՌԴ ԱԽ քարտուղարի ակնարկը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը Պուտինյան ուղղահայացում համարվում է երկրորդ մարդը եւ հայտնի է իր մառազմատիկ-դավադրապաշտական հայտարարություններով, նոր հայտարարություն է արել ԱՄՆ-ի վերաբերյալ։

Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա» օֆիցիոզին տված հարցազրույցում ասել է, որ «Ռուսաստանն առնվազն երկու անգամ փրկել է Միացյալ Նահանգներին փլուզումից` անկախության համար պատերազմի և քաղաքացիական պատերազմի ժամանակ: Բայց ես կարծում եմ, որ այս անգամ նպատակահարմար չէ օգնել ԱՄՆ-ին պահպանել իր ամբողջականությունը», ասել է Պատրուշևը:

Պուտինյան վերնախավը եւ ինքը Պուտինը հակված են պատմության յուրահատուկ մեկնաբանությունների ու նենգափոխումների, որոնք ենթարկած են «Կրեմլի նոր քաղաքական կուրսին եւ Ռուսաստանի առանձնահատուկ դերին»։ Թե ինչպես է Ռուսաստանն օգնել ԱՄՆ-ին՝ Պատրուշեւը կիմանա, բայց ստույգ հայտնի է, որ նախորդ հարյուրամյակում ԱՄՆ-ն մի քանի անգամ փրկել է Ռուսաստանին վերջնական փլուզումից։

Առաջինը 1920-ական թվականներին էր, երբ ամերիկացիները տնտեսություն կառուցեցին Ռուսաստանում, տեխնոլոգիաներ ու արտադրական հզորություններ փոխանցեցին հետամնաց, ավերված ու սովյալ այդ երկրին։

Հաջորդը երկրորդ աշխարհամարտն էր, երբ ԱՄՆ լենդ-լիզ տրամադրեց ԽՍՀՄ-ին, մատակարարելով ամեն ինչ՝ սնունդից, համազգեստի կոճակից մինչեւ օդանավեր եւ բազմակի արձակման համակարգեր, որոնք ռուսները հպարտորեն կատյուշա են անվանում եւ համարում են իրենցը։

Հաջորդը 1990-ականների սկիզբն էր, ԽՍՀՄ փլուզման շրջանը, որն արդեն շատերը կհիշեն։ ԱՄՆ-ն կերակրեց ռուսներին, ներդրումներ արեց տնտեսության մեջ, փոխանցեց տեխնոլոգիաներ, ֆինանսա-տնտեսական նոր կարողություններ ու համակարգեր, օգնեց պահպանել միջուկային տերության կարգավիճակը, տեղը ՄԱԿ ԱԽ մշտական անդամների շարքում եւ գերակայությունը հետխորհրդային տարածքում։

Ամեն անգամ, ամերիկացիների օգնության շնորհիվ ոտքի կանգնելով, ռուսական վերնախավերը մոռանում են այդ ամենը, հիշում «ռուսական վեհության, առանձնահատուկ դերի ու առաքելության», Արեւմուտքի դեմ պայքարի եւ նման բաների մասին։ Ռուսական պատմությունն այդ տեսակետից ողբերգազավեշտախառը պարույր է հիշեցնում։

Պուտինյան վերնախավի ներկայացուցիչների վարքին ու հռետորաբանությանն ուշադիր հետեւող ուսումնասիրողները նկատել են, որ նրանք հաճախ ուրիշներին են վերագրում այն, ինչ մտածում են սեփական պետության եւ հենց իրենց մասին։ Այս առումով, Պատրուշեւի խոսքերը պետք է հասկանալ այսպես՝ ԱՄՆ-ն մի քանի անգամ փրկել է Ռուսաստանը, բայց այս անգամ նպատակահարմար չի գտնում։