Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Երկուհազարամյա պատմություն ունեցող հայկական թատրոնը տարբեր շրջաններում, մասնավորապես, խորհրդային տարիներին, առանձնացել է բուռն գործունեությամբ, այդ տարիներին ունեցել ենք ռեժիսորներ, դերասաններ, որոնց ստեղծած ներկայացումներն ու կերտած դերերը մինչև օրս անկրկնելի են ու անմոռանալի։

Panorama.am-ի զրուցել է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր  Վահան Բադալյանի հետ՝ հայկական թատրոնում ու աշխարհում այսօր նկատվող միտումների, առկա խնդիրների ու լուծումների մասին։

Panorama.am - Դուք շատ եք լինում այլ երկրներում ու շփվում դերասանների, ռեժիսորների հետ, ժամանակին համընթաց ենք շարժվո՞ւմ։

Վահան Բադալյան - Մի բան ակնհայտ է. վերջին տարիների ընթացքում հայ թատերական կյանքը շատ է ակտիվացել։  Նոր, երիտասարդ ռեժիսորներ, դերասաններ են հայտնվել, որոնք լրիվ նոր շունչ են բերել։ Տաղանդի, մտածողության իմաստով թարմություն կա։ Բայց կառավարման, թատերական պրոցեսների, հայ թատրոնը միջազգային թատերական դաշտի մեջ  ինտեգրելու իմաստով դեռ շատ անելիքներ կան։

Կան ներկայացումներ, որոնք դրսում շատ մրցունակ են, տարբեր փառատոների են մասնակցում, մեծ հաջողություններ ունենում, մրցանակներ ստանում։ Բայց պետք է հետ գնանք դեպի մեր թատերական կրթության ոլորտը, կարծում եմ, այնտեղից է պետք սկսել։

Դասավանդման մեթոդներն են շատ հնացած։ Ժամանակակից տենդենցներից մի քիչ անտեղյակ լինելն է խնդիր։ Մեր երիտասարդ դերասանները, ռեժիսորները երբեմն կրթվում են այն ծրագրերով, որոնք 1920-ական, 30-ական, 50-ական թվականներին են ակտուալ եղել։ Գիտեն այդ թվականներին ստեղծագործած ռեժիսորների, դերասանների անունները, նրանց գեղագիտության մասին, բայց բացարձակապես անտեղյակ են հենց այսօր ստեղծագործող լավագույն թատերախմբերի, ռեժիսորների, դերասանների արվեստից։

Մեր ոլորտում դասավանդող արվեստագետների անցած դպրոցն ամբողջությամբ սովետական շրջանի ստացած գիտելիքների և գեղագիտության հիման վրա է, իսկ այսօրվա աշխարհին կարող է ծանոթացնել այսօրվա աշխարհի, ժամանակակից մեթոդներին տիրապետող արվեստագետը կամ գոնե այն արվեստագետները, ովքեր դրսում փորձ են ունեցել, կրթության ստացել ու հետո վերադարձել Հայաստան։ Կարևոր է համակարգային մոտեցում ցուցաբերվի։

Panorama.am- Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էր հայտարարել՝ սովետ է մեզ մոտ, միջնադար։ Հայհոյանքի պատճառով արգելվել էր նրա ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը՝ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված։

Վահան Բադալյան-Շատ չեմ հետևել, թե ինչ պատճառով է արգելվել, բայց ծիծաղելի է հենց այդ հարցադրումը՝ հայհոյանքի պատճառով կարող է ինչ քննադատություն առաջանալ և այլն։ Հայհոյանքը, մերկ մարմինը, բոլոր երևույթները դրանք մարդուն հատուկ բաներ են։ Եթե բեմում կերպար ես ստեղծում, որին հատուկ է այդ ամեն ինչը, դրանք պետք է օրգանական ձևով ներկայացնել և այստեղ որևէ արտառոց բան չկա։ Դրանք թատրոն երևույթին հակառակ տեսանկյունից նայելու փորձեր են։

Panorama.am- Այսօր աշխարհում թատրոնը դեպի ո՞ւր է գնում՝ մեծ, մասշտաբային ներկայացումներ, թե ավելի մտերմիկ միջավայր, այսինքն ապահոված լինի հանդիսատես-դերասան շփում։

Վահան Բադալյան-Երկու տարբերակներն էլ կան՝ և մեծ ֆորմաների ներկայացումներ են ստեղծվում, և շատ մտերմիկ, և ալտերնատիվ։ Այսօր շատ հետաքրքրի են իմերսիվ թատրոնը, ինտերակտիվ թատրոնը։ Դոկումենտալ, սոցիալական թատրոններն են հետաքրքի դարձել, այսինքն այսօր թատրոնը, կարծես, արհեստականության շղարշը լրիվ թողել է անցյալում և սկսել է  կոնկրետ մարդկանց մասին պատմել, այդ մարդկանց բերել բեմ, դրանով նաև կարելի է պայմանավորվել, օրինակ, հաշմանադամություն ունեցող և չունեցող արտիստների ի հայ գալը բեմում։

Դասական թատրոնը, բնականաբար, իր տեղն ունի։ Թատրոնն առհասարակ շատ բազմակողմանի մեծ երևույթ է՝ ինչքան շատ տեսակներ, ձեռագրեր, գույներ լինեն, այնքան ավելի լավ։

Panorama.am-Այսօր հե՞շտ է գեղարվեստական, գեղագիտական ձևեր գտնելը։

Վահան Բադալյան- Հեշտ չէ, կարծում եմ, վաղուց ամեն ինչ արդեն արվել է, ասվել է, լավագույն ամեն ինչ բոլորս տեսել ենք։ Հենց դրանով է նաև պայմանավորում յուրաքանչյուր մարդու խորքը նայելու տենդենցին գալը, քանի որ հիմա ամենահետաքրքիրը մարդն է՝ յուրաքանչյուր մարդ իր խնդրով, իր էմոցիաներով, իր մտածողությամբ։ Դրա համար այսօր առանց արհեստական շղարշի մարդուն բեմ բերելու տենդենցներն են ակտուալ։

Այս պահի դրությամբ մեր իրողություններով պայմանավորված նաև նկատում եմ, որ շատ դժվար է  հանդիսատեսի և արվեստի գործի մեջ այդ կապը ստեղծել, քանի որ զուգահեռ իրականության մեջ են առօյա բոլոր խնդիրները, աշխարհաքաղաքական իրավիճակը և այլն, զգում ես, որ շատ է խանգարում մարդուն, բայց ինչքան որ դա խանգարում է, այդքան էլ արվեստը պետք է կարողանա ավելի մեծ ուժով մարդու հոգեկան վիճակն ավելի ներդաշնակ դարձնել ու հետաքրքիր գեղարավեստական, գեղագիտական մեսիջներ տա, որ մարդը միևնույնն է՝ գեղեցկության նկատմամբ իր հետաքրքրությունը, հմայվածությունը պահպանի։

Թատրոնների միավորման, երեխային թատրոն բերելու, Փոքր թատրոնի առաջիկա պրեմերիայի մասին և օրվա առիթով գործընկերներին ուղղված խոսքը՝ տեսանյութում։