Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ազգային պատկերասրահում Կոմիտասյան ոգին է թևածում

Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 25-ին բացվել է «Սարգիս Մուրադյան. Իմ Կոմիտասը» ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 95-ամյակին: Ցուցադրությունն ընդգրկում է հանրահայտ կտավներ Ազգային պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև Կոմիտասին պատկերող կտավներ և էսքիզները Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանից և ընտանիքի հավաքածուից։

Ցուցադրության համադրողն է Մարգարիտա Խաչատրյանը։

«Ցուցադրության առանցքային աշխատանքը «Կոմիտաս. Վերջին գիշեր» հանրահայտ կտավն է, որտեղ հայ կերպարվեստում առաջին անգամ մեծ երգահանի անձը դիտարկվում է ցեղասպանության համատեքստում: Շրջադարձային այս գործը կարելի է համարել Սարգիս Մուրադյանի ստեղծագործական ճանապարհի մեկնակետ, որը մեծ ճանաչում բերեց նրան՝ դառնալով խորհրդահայ արվեստի այցեքարտերից մեկը։

 Իր ողջ կյանքի ընթացքում Սարգիս Մուրադյանը պարբերաբար անդրադարձել է Կոմիտասին այլաբանական և պայմանական մտածողությամբ, ամփոփ և ընդհանրացված ձևով պատկերել է նրան, վավերագրել ժամանակի շունչն ու ոգին՝ առանց պատմողականության ու նկարագրողականության»,- նշել են Ազգային պատկերասրահից։

«Ազգային պատկերասրահում  երեկ, Կոմիտասյան ոգին էր թևածում: Շնորհալի նկարիչ Սարգիս Մուրադյանի Կոմիտասյան կտավներն էին մեզ հետ խոսում, մեզ խրատում, գոտեպնդում և մեր հավատարմության ուխտի ճանապարհը լուսավորում:

Կոմիտաս Վարդապետն անմահ է, անմահ է նաև նրան լույս աշխարհ բերած Ազգը, քանզի Ազգն այդ խորհրդական մարմինն է Քրիստոս Աստծո, մեր հարազատ Ամենազոր Արարչի, մեր Հարուցյալ ու Հաղթական Փրկչի»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։ 

Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։