Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Բա ձեր նոր հայտնված հարուստ անձը, բա իր մասով գործ չե՞ք ուզում սկսեք, Սեդա Սաֆարյա՞նն է պայքարում ապօրինի գույքի դեմ». Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում շարունակում է քննարկվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Այս որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի դիմումը՝ ուղղված ԱԺ բոլոր խմբակցություններին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ընդունում է՝ Սեդա Սաֆարյանը ժամկետի խախտում է թույլ տվել ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը դադարեցնելու եւ դատավորի կարգավիճակ ստանձնելու մեկամսյա ժամկետը անցել է, բայց ընդգծում է՝ նա դա արել է սեփական նախաձեռնությամբ ու դիմումով, այսինքն, նպատակ չի ունեցել դա շարունակել:

Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, լսելով սա՝ շնորհավորեց Վարդանյանին՝ ասելով. «Նման մակարդակի ձեւախեղել օրենսդրական պահանջները՝ սկսած երդում տալուց, ավարտված օրենքի պահանջների ներկայացումը այդ ձեւո՞վ: Դուք իզուր եք պատգամավոր աշխատում, կարող եք գնալ փաստաբան աշխատել, ակնհայտ իրողությունը կարող եք այնպես շուռ տալ, որ լուրջ հանցագործություն կատարած անձը համարվեր արդարացված: Հեղափոխական տոնայնությամբ արդարացնելով կամ փորձելով հերքել այդ փաստերի առկայությունը՝ չի ստացվի: Կուզեք՝ բացասական եզրակացություն տվեք: Չորս կողմից փորձում եք գրոհ կազմակերպել, որ այս փաստերը հերքեք, փաստերը չեն փոխվում: Տիկին Սեդա Սաֆարյանը դիմել է հունվարի 27-ին: Փաստը կա, հիմք է, ասում ենք՝ դիմենք ՍԴ, խնդրում ենք գնահատեք հիմքը: Մենք չենք ասում՝ պաշտոնանկ եղեք, տիկին Սաֆարյան»:

ՔՊ պատգամավոր, հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ Սեդա Սաֆարյանը ՊԵԿ-ին հայտարարություն է ներկայացրել՝ դադարեցնելու ձեռնարկատիրական գործունեությունը: Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ դա թող մեկնաբանի ՍԴ-ն, եթե կա մեկնաբանության հարց, բայց դրանով նրա՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն կատարող անձի կարգավիճակը չի դադարում: ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն էլ արձագանքեց. «Մեր գործընկերները հաշվի չէին առել, որ ՊԵԿ հայտարարություն է արել Սաֆարյանը, այսինքն, այստեղ մեծ հաշվով վեճ չկա»:

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ չի տեսնում անհրաժեշտություն ՍԴ դիմելու ու մարդուն՝ Սեդա Սաֆարյանին պիտակավորելու. «Սրա տակ լուրջ բան չկա»:

Արփի Դավոյանն էլ ասաց, որ փաստաբանների պալատում 2000-ից ավելի փաստաբան կա, բայց այս դիմումը գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, ուստի կասկածներ ունեն, որ սա զուտ քաղաքական քայլ է: Ավելին՝ նա հորդորեց Արծվիկ Մինասյանի, որպես երկար ժամանակ պետական պաշտոններ զբաղեցրած անձ, գնահատական տա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի հետ կապված. «Դուք նրա հետ աշխատել եք, արդյոք այն գույքը, ամեն ինչը, որ նա ուներ, կարո՞ղ էր նրա կարգավիճակն ունեցող մարդն ունենալ, ի՞նչ գործունեությամբ է ինքը զբաղվել, որ նման գույք ունի: Դուք այդ ամեն ինչի վրա աչք եք փակում ու գալիս եք մեզ համոզելու մի բան, որի հիմքը չունեք: ՍԴ-ին ծանրաբեռնել այս գործով ես գտնում եմ անիմաստ»:

Արծվիկ Մինասյանը քննադատություններին պատասխանեց. «Տպավորություն է, որ ինչ ենթադրյալ հանցագործություն կա, փորձում եք վերագրել մեզ: Ո՞վ էր Հովիկ Աբրահամյանին հարցեր ուղղում ժամանակին հարստության հետ կապված: Ո՞վ էր անընդհատ ԱԺ ամբիոնից հնչեցնում՝ որտեղի՞ց ձեզ այսքան բանը: Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հիմա եկել է իշխանության, մեզնից ի՞նչ եք ուզում, բացահայտեք: Ո՞վ է օտարում այն գույքը, որը դուք հիմա համարում եք անհիմն հարստացման հետեւանք: Ո՞ւմ իշխանության ժամանակ է ապօրինաբար օտարվում գույքը, մե՞ր: Բա ձեր նոր հայտնված հարուստ անձը, բա իր մասով գործ չե՞ք ուզում սկսեք: Սեդա Սաֆարյա՞նն է պայքարում ապօրինի գույքի դեմ: Բերեցիք այնպիսի մի հատ հեղափոխական կերպար եք նկարագրում մարդու: Պետք չի ամեն երեւույթի դեմ հակափաստարկ բերել ոչ իրական բաներից: Եթե մեղադրանքների տարափ կա, այնքան մեղադրանք կարամ հնչեցնեմ ձեր հասցեին ու հնչեցնելու եմ սկսած պետական դավաճանության առերեւույթ իրավական ակտերից»:

Նա հայտարարեց, որ հասկանում է, ՔՊ-ն քաղաքական որոշում է կայացրել եւ բացասական եզրակացություն է տալու, ուստի դրանով իրենց բոլոր հայտարարությունները, թե իրավական երկրում ենք ապրում, սին են:

Հանձնաժողովը քվեարկության դրեց եւ բացասական եզրակացություն տվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ