Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բայրամյանը Սպերցյանին խորհուրդ է տվել ամռանը հեռանալ «Կրասնոդար»-ից և ուժերը փորձել ավելի ուժեղ առաջնությունում

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ռոստով» ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հավաքականում իր թիմակից և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին խորհուրդ է տվել ամռանը հեռանալ ռուսական ակումբից և ուժերը փորձել ավելի ուժեղ առաջնությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայրամյանն այս մասին ասել է Sport-express-ին տված հարցազրույցում։

«Նա արդեն 22 տարեկան է։ Շատերն էին ասում, որ նա դեռ ձմռանը պետք է հեռանար, սակայն կարծում եմ, որ նա ճիշտ արեց, որ որոշեց այս մրցաշրջանն անցկացնել «Կրասնոդար»-ում։ Մրցաշրջանի վերսկսումից հետո նա գոլային փոխանցումներ է կատարում և կայուն խաղ է ցուցադրում, նրա մոտ ամեն ինչ կարգին է։ 10 տուր է մնացել, տա Աստված, որ նա նույն կերպ որակյալ խաղ ցուցադրի և վնասվածքներ չստանա։ Իսկ հետո, իհարկե, ինքը պետք է որոշի, սակայն իմ կարծիքով, եթե հետաքրքրվածություն կա, ամռանը նա պետք է հեռանա և ուժերը փորձի ավելի ուժեղ առաջնությունում»,- ասել է Բայրամյանը։

Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդար»-ի կազմում բոլոր մրցաշարերում  27 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։