Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բենիամին Մաթեւոսյան. «Այն սանձարձակ քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում, աներեւակայելի է»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Հաագայի դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հետապնդում հայտարարելու որոշման եւ դրա հետ կապված Հայաստանի իշխանության պահվածքին, ինչը առաջացրել է Ռուսաստանի համապատասխան արձագանքը:

«Ակնհայտ է, որ այս ամենին Ռուսաստանից որոշակի արձագանք պետք է լիներ: Եվ եթե Ռուսաստանում կան որոշ, այսպես կոչված, փորձագիտական շրջանակներ, որոնք 2018 թվականից ի վեր անընդհատ սվաղում են այն ամենը, ինչ Հայաստանի իշխանություններն իրականացնում են, ասում են՝ ոչ մի դրսեւորում այն բանի, որ Հայաստանը արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության է գնում, անգամ այդ փորձագիտական շրջանակները, կարծում եմ, այլեւս այս հարցի վերաբերյալ այլակարծությամբ չեն փայլի: Ինչ վերաբերում է կոնկրետ Հռոմի ստատուտի հաստատմանը, եկեք մի քանի բան ֆիքսենք:

Տեսեք, իշխանությունները բացատրում են, թե սա բացարձակապես կապ չունի այդ հայտնի որոշման հետ, որ որոշումը ՍԴ ուղարկելը եղել է մինչ այն պահը, երբ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու փաստաթուղթը ի հայտ է եկել: Եկեք ի վերջո հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Նախ, մենք իսկապես այդ ստատուտին միացել էինք 90-ական թվականներին, սակայն 2000-ականներին Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ամրագրել էր, որ այդ ստատուտը հակասում է ներհայաստանյան օրենսդրությանը: Եվ երկար տարիներ փաստորեն այս ամեն ինչը մեզանում անգամ քննարկման առարկա չէր դառնում: Բայց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ակնհայտ էր, որ ինչ-որ պահի մենք գալու ենք մի իրավիճակի, որ հնարավոր է, ինչ-որ պահի այս ամեն ինչը քննարկվի:

Ո՞վ կձերբակալի Պուտինին: Իրականում այն սանձարձակ քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում, աներեւակայելի է: Տեսեք, ինչ է ասում Փաշինյանը ասուլիսի ժամանակ: Ասում է, որ միութենական պետության մաս կազմելու հետ կապված պաշտոնական կամ ոչ պաշտոնական առաջարկներ չեն եղել, բայց կա փորձագիտական խոսույթ Ռուսաստանում, ըստ որի` Հայաստանը պետք է լինի միութենական պետության մաս: Այսինքն, իրենք տեսնում են Կրեմլի իրական նկրտումները եւ ցանկությունները եւ կարծում են, որ այդ փորձագիտական ասույթի միջոցով Ռուսաստանն ինչ-որ բան է փորձում հասկացնել Հայաստանի իշխանություններին: Եթե մենք շարժվում ենք իրենց տրամաբանությամբ, ստացվում է՝ Հայաստանում փորձագիտական այն հանրույթը, որոնց հետ իրենք աշխատում են, կոչ է անում ձերբակալել ՌԴ նախագահին: Նաեւ գրում են ու շատ հստակ ասում՝ պետք է ԱՄՆ-ից ստանանք անվտանգության հստակ երաշխիքներ եւ մենք դա կիրականացնենք:

Ես վստահ եմ, որ Ռուսաստանում էլ են այս ամենը տեսնում, հետեւություններ անում: Եվ ակնհայտ է, որ այս ամենը արձագանք ստանալու է: Խնդիրն անգամ այն չէ՝ Ռուսաստանի շահերը պաշտպանենք, չպաշտպանենք: Խնդիրը հետեւյալն է, թե ինչի համար ենք մենք մտնում մի գործընթացի մեջ, որից վստահաբար օգուտ չենք կարող ունենալ, բայց խնդիրներ, լարվածություններ Ռուսաստանի հետ միանշանակ ստանալու ենք: Ինչի՞ համար է սա արվում, նպատակը ո՞րն է:

Կամ նրանից հետո, երբ վավերացվեց այս ստատուտը, ինչ-որ առարկայական փոփոխություններ տեղի ունեցա՞ն, Լաչինի միջանցքը բացվե՞ց, Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառո՞ւմ է Ադրբեջանի դեմ՝ պահանջելով, որպեսզի գերիները վերադարձվեն, ճանապարհները բացվեն: Այսինքն, մենք պետք է հասկանանք, թե ամեն քայլից հետո ինչ կարող ենք ստանալ եւ ինչ կարող ենք կորցնել: Այսօր մենք կրկնում ենք այն, ինչ արեցինք 44-օրյա պատերազմից առաջ: Ձեռք էինք առնում Ռուսաստանին, բայց պատերազմի ժամանակ ոչ մի տեղից աջակցություն չստացանք»,-ասաց Բենիամին Մաթեւոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ