Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Բնասեր» Ադրբեջանը դատարկում է Սարսանգի ջրամբարը

Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան: Սարսանգի հիդրոէլեկտրակայանն է ապահովում  էլեկտրաէներգիայի մեծ մասը։

«ԱրցախՀԷԿ» ՓԲԸ-ից մեզ փոխանցեցին, որ Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն այս պահի դրությամբ իջել է ավելի քան 24 մետր։

Արցախում սպասում են, որ այս սեզոնին բնությունը բարեհաճ կգտնվի, սակայն ջրամբարը լցվելու համար տեղումները դեռևս շատ քիչ են։

«Տեղումները քիչ են, ջրամբարում ջուրը քիչ է, նույնիսկ փոքր ՀԷԿ-երն են դժվարանում աշխատել՝ ջրի սակավության պատճառով։ Եթե լինեն տեղումներ՝ ապրիլ, մայիս ամիսներին, ապա Սարսանգի ջրամբարում որոշ չափով ջուր կհավաքվի, բայց այս պահին տեղումներ գրեթե չկան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ջրային կոմիտեի տնօրեն Արարատ Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Արցախում ոռոգման հետ կապված խնդիրներին, ապա ԱՀ ջրային կոմիտեի տնօրենն տեղեկացրեց, որ ոռոգման հետ կապված խնդիրներ չկան։ Պատերազմից հետո ծագած խնդիրների ուղղությամբ աշխատանքներ են տարվել։

«Արցախի հանրապետությունը մեծ ներդրումներ է կատարել ոռոգման համակարգերի զարգացման համար։ Հիմնականում աշխատանքներն իրականացվում են մեխանիկական եղանակով։ Ժամանակի ընթացքում ծագած խնդիրները լուծուվմ են պետության հնարավորության սահմաններում»,-ասաց Խաչատրյանը։

Մինչդեռ, Ադրբեջանում, որն Արցախի համար ստեղծեց էներգետիկ խնդիրներ, էլ ավելի կսրվեն  ոռոգման խնդիրները։ Սարսանգի ջրամբարի օգտակար ծավալը կազմում է մոտ 550 մլն խմ ջուր։ Այս ջրից օգտվում է նաև Ադրբեջանը՝ գարնան և ամռան սեզոնին ոռոգելով մի քանի շրջանների 96000 հեկտար հողատարածքները։ Եթե Սարսանգի ջրամբարի ջուրը նման տեմպերով իջնում է, ապա սա նշանակում է, որ սեզոնին Ադրբեջանը նույնպես կզրկվի ոռոգման ջրի հնարավորությունից։

«Մենք չենք կարող Ադրբեջանին ջուր տալ՝ առանց էկելտրաէներգիա ստանալու։ Իրենք 24 խմ/վ  ջուրը կարող են օգտագործել, հիմա էլ օգտագործում են, բայց ամռանը նրանց մի քանի անգամ ավելի շատ է ջուր պետք լինում, մենք չենք կարողանալու իրենց ուզած քանակի ջրով ապահովել։ Ամռանը ադրբեջանական գյուղերի գյուղատնտեսական հողերը ոռոգելու խնդիրներ կարող են առաջանալ»,- ասաց ԱՀ ջրային կոմիտեի տնօրենը։

Բանն այն է, որ Սարսանգի հիդրոէլեկտրակայանից բաց թողնված ջուրը հոսում է Ադրբեջան։ Կարող ենք ասել, որ  «բնասեր» Ադրբեջանն իր վարած «քաղաքականության»  արդյունքում ցանկանում է Սարսանգի ջուրն օգտագործել կարճ ժամանակահատվածում, իսկ ի՞ նչ է լինելու հետո․․․ Եթե Արցախը կկանգնի էներգետիկ ճգնաժամի առջև, ապա Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում տեղացիներն էլ ոռոգման ջուր չունենալու հետևանքով կկանգնեն սոցիալական լրջագույն  խնդիրների առջև․․․