Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են. ԱՀ պետնախարար

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես ցանկացած միջավայրում, այնպես էլ պետության ներսում որևէ  նախաձեռնություն հաջողությամբ պսակելու առաջնային նախադրյալը դրա մասնակիցների կարգապահությունն է:

Դժբախտաբար (գուցե նաև ոչ պատահականորեն) իմ կողմից պետական նախարարի պարտականությունները ստանձնելու պահին Արցախը գտնվում էր շրջափակման մեջ և որոշակիորեն խաթարված էր առանց այդ էլ բազմաթիվ անգամ ցնցումների ենթարկված ներքին կարգապահությունը:

Անկառավարելի նյութական կամ տնտեսական շահ, հովանավորչություն կամ ակնկալվող հովանավորչություն, միջամտություններ կամ միջնորդություններ. սրանք երևույթներ են, որոնց կարելի է հանդիպել ամենուրեք:

Բայց այս ամենը պետք է արմատախիլ արվի մեր միջավայրից, և եթե հարկ լինի, ես անձամբ եմ զբաղվելու դրանով, որի հարցում ունեմ և վստահ եմ՝ ունենալու եմ օրեցօր աճող հանրային աջակցություն, անկախ իմ դեմ արդեն իրականացվող կամ ծրագրվող կեղծ հակաքարոզից, անկախ անհիմն քննադատություններից (այդ ամենի հեղինակներին գիտեմ, տիրապետում եմ նաև ոմանց անընդհատ աճող ցնցումների  պատճառներին):

Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ գործադիր իշխանության կողմից իրականացվող ծրագրերի պատշաճ ընթացքը խաթարող երևույթները հետևողականորեն վեր հանելու և օրինական դաշտ բերելու համար:

Մանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված՝ իրավական պետությանը հատուկ ընթացակարգերով ու եղանակներով»։