Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Չարենցի հոգու լույսը». Բացվեց Եղիշե Չարենցի հիշատակի հուշատախտակը

Մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում հոբելյանական միջոցառումները շարունակվում են, իսկ հենց նոյեմբերը հայտարարված է եղել հիշատակի ամիս։ Նոյեմբերի 27-ին լրացել է Եղիշե Չարենցի մահվան 85-րդ տարելիցը։

«Այս ամսվա ընթացքում թանգարանը տարբեր նախաձեռնություններով հանդես եկավ։ Կարևորագույն ծրագրերից էր օրեր առաջ «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտական նստաշրջանը։ Իսկ այդ նախաձեռնությունները եզրափակում ենք այսօր շատ կարևոր միջոցառումներով»,- հայտարարեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։

Այս միջոցառումներից առաջինը Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) Ե. Չարենցի հիշատակի հուշատախտակի բացումն է։

Այս շենքում Չարենցն ապրել է իր կյանքի վերջին 2 տարիները։

«Չարենցը Երևան է եկել 1919 թվականին։ Ապրել է շատ տեղերում։ Որոշ տղերում ուղղակի անկյուն էր զբաղեցնում։  Բավական երկար ժամանակ՝ 7 տարի, ապրել է  Երևան հյուրանոցում։
Մի օր, այս կողմերով անցնելով, տեսնում է այս շենքը կառուցելիս և իրեն բնորոշ անմիջականությամբ ասում՝ մի բնակարան պետք է խնդրեմ հենց այս կարմիր տանը։ Իսկ ինչո՞ւ կարմիր։ Շենքը կարմիր տուֆից է կառուցվեց։ Խնդրեց և այն ժամանակ Հայաստանի  կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի կարգադրությամբ այս շենքի երրորդ հարկի երեք սենյականոց թիվ 12 բնակարանը տրվեց Չարենցին։ Ըստ Արփենիկ Չարենցի հուշերի՝ այստեղ են ծնվել Չարենից ամենահայտնի ստեղծագործություններից  «Նավզիկե », «Աղասի Խանջյանին» և այլն։

1937 թվականի հուլիսի 26-ին հենց այս շենքի մուտքից պետանվտանագության աշխատակիցները մտան, ձերբակալեցին Չարենցին ու տարան բանտ։ Այդ օրվանից այստեղ Չարենցը ոտք չի դրել», - պատմեց Ժ. Մանուկյանը։

1975 թվականին մեմորիալ բնակարանը կամ արդեն թանգարանը պատրաստ է եղել այցելուներ ընդունելուն։

Այդ թանգարանի բացման և Չարենից 70-ամյակի առիթով  շենքի վրա փակցվել էր հուշատախտակ։ Ժ.Մանուկյանը հիշեցրեց, որ 2016 թվականին հանվել էր այն, քանի որ  դրա վրա Չարենցի ապրած տարեթվերը սխալ էին գրված և նշեց, որ այս տարին պատեհ ժամանակ էր արդեն ճշտված, հստակեցված թվականներով նոր հուշատախտակ ունենալու  համար։

ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ հոբելյանական տարին հագեցած եղավ միջոցառումներով ոչ միայն Երևանում, նաև մարզերում, իսկ այսօր բացվում է  Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։

«Սրանով չի ավարտվում Չարենցի հոբելյանական միջոցառումները։ Դրանք կշարունակվեն մինչև 2023 թվականի մարտ և առիթներ կունենանք տալու Չարենցի անունն ու վերաիմաստավորելու այն  մեծ ժառանգությունը, որ հասել է մեզ Չարենցից»,- նշեց փոխնախարարը։

Հուշատախտակի հեղինակ Արմենակ Վարդանյանի մտահղացման հիմքում ընկած է Չարենցի՝  դեպի արև, դեպի լույս, դեպի անհուն տիեզերք ձգտելու գաղափարը։ Հուշատախտակի վերնամասում հարթաքանդակային լուծում է  տրված քարի մակերսից դուրս եկող արևի ճառագայթներին՝ խորհրդանշելով Չարենցի մեծությունը, որը չտեղավորվելով իր ժամանակի ու միջավայրի հեղձուկ սահմաններում՝ չհասցրեց իրագործել իր բոլոր մտահղացումները։ Մեջտեղում գունդ է, որը խորհրդանշում է արևը՝ Չարենցի հոգու լույսը։ Նա հեռացավ, բայց ստեղծեց անեզր տիեզերական հայրենիք, իսկ իր ժառանգությունը ճառագեց որպես լույս՝ հարստացնելով հայ և համաշխարհային գրականությունը։

Բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, հուշաքարի հիմքում դրված գաղափարը հենց չարենցյան տողերով ներկայացրեց.

«Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,


Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛»։

Չարենցի հուշատախտակը բացվեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերի ներքո։

Միջոռացմանը ներկա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը լրագրողներին ասաց, որ Չարենցի կարմիր տան մոտով անցնելիս ողջունում է այնտեղի ծառերին։

«Այս ծառերի մոտով որ անցնում եմ, ողջունում եմ իրենց, որովհետև  Չարենցն իր փակված օրերին մի օր ասաց՝

Ծառերից պատին
Ստվեր է ընկել կապույտ…
Կարոտդ կամար է կապում
Իմ հոգում մթին,
Իմ հոգու թանձր տապում…»։

Այս ծառերի մասին են խոսքը, ես իրենց հետ ապրում եմ միշտ իբրև Չարենցի այդ բանաստեղծության ծառերը»,- ասաց մաեստրոն։

Այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի կնքվեց։ Գրականագետ Արքմենիկ Նիկողոյանն ասաց, որ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը նախաձեռնել է իրականացնել Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակություն 13 հատորով։

«Այս 13 հատորները միտված են ամփոփելու Չարենցի ամբողջ գիտական ժառանգությունը, որ հասել է մեզ։ Դրանք էապես տարբեվելու են նախորդ բոլոր հրատարակություններից իր բովանակադությամբ, ծանոթագությունների, տեքստերի որակով»,- ասաց ակադեմիական հատորների խմբագրական խորհրդի անդամ Արքմենիկ Նիկողոսյանը։

Այս տարի լրացել է նաև բանաստեղծի ավագ դստեր Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով այսօր կայացավ նաև «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսով և «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսի բացումը(ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը):