Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չեսարի դարպասը. Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները

ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական  միջավայրի  պահպանության  Վայոց  ձորի  մարզային  ծառայության աշխատակիցները հերթական շրջայցն են իրականացրել մարզի պատմական  հուշարձանների տարածքներում։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ուսումնասիրվել է  Հորս գյուղում գտնվող Չեսարի դարպասը, որը հայտնի է նաև Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք անունով։ Շրջայցի ընթացքում իրավախախտման դեպք չի արձանագրվել։

XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկի սյուների բեկորները և հսկա քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը այսօր էլ  պահպանվում են:

Չեսարի դարպասի (Չեսարի ապարանք) վերաբերյալ վկայություններ են հասել դեռևս Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրություններից։

Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները։

Իշխանական ապարանքը  բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Տունը ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա:

Պահպանվել են այդ սյուների բեկորները,  քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը, կամարակապ դռան երկու կողմերում գտնվող չորսական պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են և կարծես երկհարկ լինեն:

Վիմագիր արձանագրությունների մեջ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը:

Տունը կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև XX դարի կեսերը: