Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եկել ենք էթնիկ զտման առաջ կանգնած արցախահայության ձայնը ԱՄՆ դեսպանին հասցնելու, որովհետև նրանք առաքելություն ունեն». Նարինե Դիլբարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«ԱՄՆ դեսպանատունն ամենամեծն է տարածքով և ազդեցությամբ։ Եկել ենք այստեղ, որովհետև 30-ամյա հայկական, արցախյան ազատագրական և ինքնորոշման պայքարի ընթացքում ԱՄՆ-ն եղել է Մինսկի խմբի համանախագահ պետություններից մեկը և իր վճռական ձայնը հայտնել արցախյան հակամարտության կարգավորման հարցում»,- ԱՄՆ դեսպանատան առաջ կազմակերպված արցախահայության անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարության պաշտպանության խնդիրների վերաբերյալ հանրային հավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Նարինե Դիլբարյանը։

Ըստ նրա՝ այսօր կարծես իրավիճակը փոխվել է։ Նա շարունակեց․ «Մենք եկել ենք շրջափակման մեջ, դաժան հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող և ցեղասպանության ու էթնիկ զտման առաջ կանգնած արցախահայության ձայնը Երևանից ԱՄՆ դեսպանին հասցնելու, որովհետև նրանք առաքելություն ունեն»։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանրագիր է տարածել՝ ուղղված ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, որում մասնավորապես ամրագրված են հետևյալ պահանջները․ «ԱՄՆ իշխանությունից պահանջում ենք չբավարարվել միայն Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով, այլ առաջնորդվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած որոշումներով և կիրառել գործուն միջոցներ՝ հարկադրելու Ադրբեջանին կատարել միջազգային օրենքներն ու պաշտոնական որոշումները, այսինքն՝ կիրառել պատժամիջոցների հստակ փաթեթ։ 2022 թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախահայությունը ոչ միայն հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել, այլև անընդհատ Ադրբեջանը, նախագահի մակարդակով, էթնիկ զտումների և ցեղասպանության ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում։ Չի կատարվում ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։ Ժամանակն է, որ դատարանն իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկի իր իսկ վճիռը իրականացնելու ուղղությամբ։ Տարբեր պատժամիջոցներ կիրառելու նախադեպեր և փորձ ԱՄՆ-ը ունի։ Համոզված ենք, որ երկակի ստանդարտներ կիրառելը բնավ չի բխում ԱՄՆ հռչակած քաղաքականությունից։ Ադրբեջանը միջազգային ահաբեկիչների օգնությամբ ոչ միայն զավթել է, այլև շրջափակելով կտրել է Արցախը Հայաստանից և աշխարհից: 44-օրյա պատերազմից հետո գերեվարված հայ զինվորները անմարդկային պայմաններում են պահվում՝ ենթարկվելով միջնադարյան ճիզվիտական կտտանքների: Անպատիժ մնալով՝ Ադրբեջանը շարունակում է պարբերաբար առևանգել հայ ռազմագերիներին և խաղաղ բնակչությանը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներից։ Ակնկալում ենք ԱՄՆ բարի կամքը միջնորդ դառնալու ռազմագերիներին ու առևանգվածներին վերադարձնելու և նրանց հանդեպ միջազգային օրենսդրությունը կիրառելու հարցում։ Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ անկում է ապրում։ ԱՄՆ նախորդ դեսպանները մինչ այս գործող ՀՀ բոլոր վարչակազմերի հանդեպ միշտ զգայուն վերաբերմունք են ցուցաբերել, ձայն բարձրացրել քաղաքական հայացքների համար հետապնդվողների իրավունքները պաշտպանելու հարցում։ Ինչո՞ւ այդ ավանդույթը ներկա պարագայում չի գործում: Մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես պետք է լինի ժողովրդավարական արժեքների պաշտպանի դերում հանդես եկող բոլոր պետությունների մեծագույն առաքելությունը»։

Նարինե Դիլբարյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց՝ հանրագիրը պատրաստ էր, երբ տեղեկացան, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող արցախահայությանը էթնիկ զտումներով և պատերազմով սպառնացող Իլհամ Ալիևի խոսքերը նրանց համաներում խոստանալու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերի կողմից մեկնաբանվել են իբրև գնահատելի և ողջունելի քայլ: Նարինե Դիլբարյանն ասաց․ «Այդ կապակցությամբ մենք մեր ցասումը և տարակուսանքն ենք հայտնել, և համոզված ենք, որ ԱՄՆ-ն պետք է պարզաբանի և, ըստ էության, հերքի դա։ Նրանք այս քայլով կարծես հերքում ենք իրենց ամբողջ այդ բանակցությունները։ Արցախի իշխանություններն ընտրվել են` ժողովրդավարական ճանապարհով, միջազգային բոլոր օրենքները հարգելով, ուստի Արցախի իշխանությունների մեջ հանցագործներ չկան, որոնց կարող են համաներում շնորհել։ Եվ Ալիևի այդ խոսքն ընդհանրապես նշանակում է, որ ինքը որոշել է Արցախը հայաթափել և իրականացնել Նախիջևան գործողությունը։ Մենք պահանջում ենք սատար կանգնել արցախահայության ինքնորոշման սկզբունքին, հարգել Արցախում տեղի ունեցած հանրաքվեն, պաշտպան կանգնել արցախահայությանը՝ բացելով շրջափակումը, և, ամենակարևորը, նաև այսօր պարզաբանել, թե ինչ փոփոխություններ են կատարվել ԱՄՆ կառավարության քաղաքականության մեջ, որ Մեթյու Միլլերն իրեն իրավունք է վերապահում ողջունել ցեղասպան Ալիևին և նրանից կերտել կարծես մեծահոգի բռնապետի կերպար»։

Նարինե Դիլբարյանը փաստեց՝ արցախահայության ինքնորոշման իրավունքն անբեկանելի է ու շարունակեց․ «ԱՄՆ-ն, որը եղել է Մինսկի խմբի համանախագահության ամենաակտիվ կողմը՝ ըստ էության հետևել է ԱՀ կայացմանը, ժողովրդավարական իշխանությունների ընտրությանը։ Ուստի այսօր չպետք է բավարարվեն լոկ հորդորներով և առաջարկներով, որ բացվի Լաչինի՝ Բերձորի միջանցքը և արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչվի։ ԱՄՆ-ն արցախյան հակամարտության կարգավորման ակունքներում է և այդ ժամանակից սկսած նրանք փաստորեն բանակցել և ընդունել են Արցախահայության ազատ կամարտահայտմամբ ձևավորված իշխանությունների օրինական լինելը։ Եվ այսօր ԱՄՆ կառավարությունը իրավունք չունի հրաժարվելու հենց այդ տարիների իր դիրքորոշումից։ Որևէ փոփոխություն լինել չի կարող, և եթե ԱՄՆ-ն շարունակում է համարել իրեն ժողովրդավարական և մարդու իրավունքների, արժեքների պաշտպանը, ոչ միայն իր երկրում, այլև ամբողջ տարածաշրջանում, ապա այդ գերտերությունն այսօր առավել քան երբևէ պետք է պաշտպանի արցախահայության իրավունքները»։

Ամփոփելով ելույթը՝ Նարինե Դիլբարյանն ասաց․ «Ինչո՞ւ Կոսովոյի ժողովրդին՝ ալբաններին կարելի է ինքնորոշվել, իսկ հայերին՝ ոչ։ Երկակի ստանդարտներն անընդունելի են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ