Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ընդունումից առաջ լրամշակել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը. ՀՔԱՎ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ նոր գործողությունների ծրագիրը համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին

2023 թ․ մարտի 12-ին հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Գործողությունների ծրագիր) նախագիծը։ Մինչև հանրային քննարկման ներկայացնելը ՀՀ արդարադատության նախարարությունը գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների շրջանակներում 2022 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել էր աշխատաժողովներ՝ ընդգրկելով քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներին։ Գործողությունների ծրագրի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացրել են բազմաթիվ առաջարկություններ, դիտողություններ և մտահոգություններ։

ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը պետք է ընդունվի 2023 թ հունիսին։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ պետությունը ստանձնում է պարտավորություններ բարելավելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակը, ձևավորում է մարդու իրավունքների պաշտպանության տեսլականը, նպատակները և խնդիրները։ Փաստացի, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը պետք է արտացոլի պետության քաղաքականությունը մարդու իրավունքների բնագավառում, մասնավորապես՝ խնդիրների առաջնահերթությունները, կարիքները, սահմանի հատկացվող ռեսուրսները։ Բացի այդ, ռազմավարությունում պետք է բացահայտվեն և սահմանվեն մարդու իրավունքների լուրջ և համակարգային խախտումները, որոնց լուծման ուղղությամբ պետք է մշակվեն առանձին գործողությունների ծրագրեր։ Կարևոր է, որ ռազմավարական փաստաթղթերի մշակման և ընդունման գործընթացն իրականացվի թափանցիկության, հաշվետվողականության, ներառականության պահանջներին համապատասխան։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշտադիտարկումը մշտապես հանդիսացել է ՀՔԱՎ գրասենյակի գործունեության առաջնային ոլորտներից մեկը։ 2014 թ-ից սկսած ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ, դիտարկումներ, բարձրացվել են հարցեր մշակված ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը լավարկելու, հասցեական դարձնելու համար։ 

Ամփոփելով իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրված խնդիրները՝ ՀՔԱՎ գրասենյակը ներկայացրել է առաջարկություններ  խտրականությունից և վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, պատերազմի հետևանքով տուժած անձանց իրավունքների, այդ թվում առողջության պահպանման իրավունքի, արդար դատաքննության իրավունքի իրացման և արդյունավետ պաշպանության կառուցակարգերի ներդրման վերաբերյալ։

Երկարատև քննարկումների արդյունքում, գործողությունների ծրագրի նախագծում ընդգրկվել են ՀՔԱՎ գրասենյակի կողմից ներկայացված այնպիսի առանցքային առաջարկություններ, ինչպիսիք են, օրինակ․

  • մշակել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
  • երաշխավորել պատերազմի հետևանքով տուժած անձանց հոգեբանական անվճար օգնության շարունակական տրամադրումը,
  • ապահովել զինծառայողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացվելուց առաջ նրա առողջական վիճակի հետազոտության և բժշկական զննության իրականացումը,
  • սահմանել հասարակական կազմակերպությունների համար դատարան դիմելու իրավունքը հանրային նշանակության հարցերով, այդ թվում՝ ինչպես վարչական, այնպես էլ քրեական վարույթներով՝ հաշվի առնելով actio popularis սկզբունքը,
  • ուսումնասիրել ազգային օրենսդրությունում «դատավորի ընկեր» (amicus curie) կարծիքի հասկացության, ներկայացման կանոնների և կարգի ներդրման հարցը,
  • ներդնել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման ծրագիր և վերահսկողություն սահմանել իրագործման նկատմամբ,
  • ապահովել դատապարտյալի՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժների նշանակումից առաջ, ինչպես նաև ազատազրկման ժամկետի ավարտից անմիջապես հետո առողջական վիճակի հետազոտության և բժշկական զննության իրականացումը,
  • կատարելագործել բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության իրավական մեխանիզմները և այլն։

Ընդհանուր առմամբ ՀՔԱՎ գրասենյակի կողմից ներկայացվել է 34 առաջարկություն, որից ընդունվել է 15-ը, մասամբ ընդունվել է 2-ը, չի ընդունվել 16-ը։

Նախկինում ընդունված գործողությունների ծրագրերի համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերհանման, արձանագրման և փաստաթղթավորման գործում։

Դրական գնահատելով գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը և որոշ առաջարկությունների ընդունումը, այդուհանդերձ, ՀՔԱՎ գրասենյակը անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և խթանման համար գործողությունների ծրագրի նախագծում դեռևս առկա են լուրջ բացեր և թերություններ, որոնց վերացման համար պահանջվում են վճռական ջանքեր, համակարգային մոտեցում և քաղաքական կամք:

Մասնավորապես, բացակայում է, ի թիվս այլի, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների բարելավման, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների մասին օրենսդրության վերանայման, հոգեկան առողջության պահպանման, բռնի տեղահանվածների և փախստականների ՀՀ-ում կարգավիճակի սահմանման, ՁՊՎ-ներում վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման համակարգի ներդրման, հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքի ապահովման, աշխատանքային իրավունքների իրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների և դրանց ապահովման նպատակով գործողությունների կատարման հանձնառությունը։

Խթանելու համար գործողությունների ծրագրի մշակման գործընթացում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության պահանջի պահպանումը, ՀՔԱՎ գրասենյակն, արձանագրելով վերը շարադրված բացթողումները, պահանջում է գործողությունների ծրագրի ընդունումից առաջ այն լրամշակել և անցկացնել լրացուցիչ բաց խորհրդակցություններ շահագրգիռ բոլոր անձանց մասնակցությամբ, հակառակ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․նոր գործողությունների ծրագիրը նման բովանդակությամբ և թերություններով չի կարող լինել համարժեք մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ պետության ստանձնած պարտավորություններին և երաշխավորել իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

ՀՔԱՎ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ