Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես ուզում եմ հորդորել մեր հայրենակիցներին մարզվել ու տիրապետել զենքի գործածման կանոններին

Lragir.am-ի զրուցակիցն է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան, ՈՄԱ ջոկատի անդամ Հայկ Մաթևոսյանը

Հայկ, Հայաստանի ու Արցախի ուղղությամբ էսկալացիայի վտանգ կա, ինչի մասին նաև իշխանությունն է խոսում։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ պետք է անել։

Ամեն օր, ամեն րոպե այդ մարտահրավերները կան, և ընդհանրապես մարդը միշտ գոյության պայքար է տանում։ Եվ այս ամենի պայմաններում այսպես քնեցնել ու թմրեցնել մեր հասարակությանը, ասել, որ խաղաղության դարաշրջան է, անհասկանալի է։ Որևէ մարդ, անկախ իր ազգային պատկանելությունից, չի ուզենա պատերազմ, որևէ մեկը պատերազմի կողմնակից չէ, բայց եթե դու պատերազմի կողմնակից չես, պիտի պատրաստ լինես այդ պատերազմին՝ հանուն քո սրբությունների ու արժեքների։ Մենք անընդհատ ասում ենք, որ պետք է սիրենք միմյանց,  բայց ամենակարևորը սերն է առ հայրենիք, որից ծնվում են բոլոր սերերը։ Մարդը պետք է սիրի իր հայրենիքը։ Սերն ու ամոթն իրար շաղկապված հասկացություններ են, սիրող մարդը պետք է ամոթ ունենա։ Օրինակ՝ սիրող տղամարդը չի կարող տեսնել իր հայրենիքն այս ծանր վիճակում ու ինքն անհոգ քնել իր կնոջ կողքին։ Ազգային մշակույթի բացակայության պայմաններում, երբ կորում է մշակույթը, հոգեղենը, առաջ է գալիս նյութը։ Այսինքն՝ մարդը չկարողանալով բավարարել իր հոգևոր աշխարհը, այդ պակասը փորձում է նյութով լցնել։ Մեզ հրամցրել ու տվել են նյութը, և մենք մեզանից անկախ, չհասկանալով, մանր քայլերով այդ թույնը կերել ենք ու սովորել։ Մենք մեր իմունիտետն ենք կորցրել, մեր միջից պետք է մաքրենք այդ թույնը։ Ես տեսնում եմ, որ մարդկանց մոտ չկա այսօրվա մարտահրավերների մասին լիարժեք գիտակցում։ Ես Սյունիքի համայնքներում եմ այս օրերին և կարող եմ հստակ ասել՝ ինչպես Երևանում ապրող մարդը չի գիտակցում, թե ինչ կարող է կատարվել Երասխում, նույնկերպ Կապան քաղաքում ապրող մարդը չի գիտակցում, թե ինչ կարող է տեղի ունենալ Ներքին Հանդում։ Խոսքս առանձին մարդկանց մասին չէ, ընդհանուր բնակչությանը նկատի ունեմ։ Եվ այս իրականությանը զուգահեռ այսօր Հայաստանում կան սահմանապահ գյուղեր, այդ գյուղերում մարդիկ ուղղակի ապրում են օրով։ Կան գյուղեր, որտեղ մարդիկ վաղվա օր չունեն, և դրանում բացարձակ իրենց մեղավորությունը չկա։ Մարդը պետության կողմից անտեսված է բառիս բուն իմաստով, ընդամենը տանում է օրվա գոյատևման պայքար, ես սա ասում եմ որպես ականատես։ Այդ համայնքներում մարդիկ աչքը բացում են ու տեսնում դիմացի սարին նստած թուրքին։ Եվ այդ մարդկանց որևէ պետական կառույց ոչ մի սփոփիչ, համոզիչ, հուսադրող բան չի ասում։ Համատարած անտարբերություն է։ Եվ ամենացավալին այն է, որ այդ համատարած անտարբերությունը քարոզելու առյուծի բաժինն իրենց վրա են վերցրել արվեստագետները։ Ես չեմ վախենում ասել, որ արվեստագետներն այսօր կամա թե ակամա մասնակից են դառնում այդ անտարբերության քարոզին։ Մարդիկ, ովքեր ի սկզբանե կանչված են և ընտրված հասարակությանը կրթելու և վերադաստիարակելու նպատակով, այդ մարդիկ իրենց ուրույն ձեռագրով ուղղակի մասնակից են լինում այս անտարբերությանը։ Բայց ես ուզում եմ հորդորել մեր հայրենակիցներին մարզվել ու տիրապետել զենքի գործածման կանոններին։

Ինչո՞ւ է այս իրավիճակը։

Սա ունի լուրջ արմատներ, 2018 թվականից հետո արմատները ավելի խորն են դարձել։ Անտարբերությունն առ հայրենիք և առ մարդը սկսել է խորանալ մեր իրականության մեջ։ Մենք դադարել ենք լինել մարդակենտրոն, և դրան ցավոք մասնակից են դառնում մշակութային օջախները։ Բայց խոսքս չի վերաբերում այն անհատներին, ովքեր 2020 թվականից մինչ օրս անխոս ու անտրտունջ ժողովրդի ու բանակի կողքին ու թիկունքին են։ Հայաստանում տարածված խոսք կա՝ ամեն մեկն իր խրամատում պետք է կռվի, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Բայց եկեք հասկանանք՝ քո բնագավառի խրամատում կռվելու համար պետք է գիտակցես նախ այդ խրամատի երկարությունը, պետք է հասկանաս քանի խրամաբջիջ ունես, որտեղ պետք է տեղադրես ճիշտ զինատեսակներ, որպեսզի գրանցես դրական արդյունք։ Այսինքն՝ եթե հեռավոր գյուղ, որտեղ մարդիկ անգամ ժողովրդական երգ չեն լսում, բերես ամենահանճարեղ օպերան, ոչ մի արդյունք չես ունենա։ Ես կարծում եմ, որ հասել ենք մի վիճակի, երբ գնում է ինքնության պայքար։ Արհեստածին ազգերը պետք է վերանան աշխարհից, եկել է ժամանակը, որ հին ազգերը պետք է իրենց ուրույն ձեռագրով ներկայանան ու մարդկությանը նորից կրթեն։ Անո՞ւմ ենք մենք դա այսօր, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է։

Անտարբերության քարոզին անդրադառնալով՝ հետ գնանք սեպտեմբերի 13, երբ ադրբեջանական ագրեսիա եղավ Ջերմուկ քաղաքի վրա։ Ես ուզում եմ սա ֆիքսենք՝ ՀՀ տարածքում պաշտոնապես դադարեցվել էին բոլոր մշակութային միջոցառումները, բայց սեպտեմբերի 18-ին և 20-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ ես ուսում եմ ստացել, Մոցարտի «Դոն Ժուան» օպերան է ներկայացվել։ Եվ ասվել է՝ մենք էլ այս կերպ ենք փորձում պահել մեր սիրելի հայրենիքի մեզ բաժին ընկած սահմանը։ Ես ուզում եմ ուղղակի հասկանալ՝ ի՞նչ կապ ունի Մոցարտի «Դոն Ժուան» օպերան Հայաստանի սահմանների հետ։ Դրան առնվազն մասնակից է եղել 100 ուսանողական կազմ։ Ուսանողներ, որոնց հասակակից տղաները կամ զոհվել էին, կամ նրանց դիերը մեր սարերի վրա էին, կամ վիրավոր էին, կամ անպաշտպան նստած էին սարերում։ Եվ այդ օրերին 13-15 տարեկան տղա երեխաներն էին Ջերմուկում գերաններ կրում, մեզ օգնում։ Այսինքն՝ ես համարում եմ, որ այդ բոլոր ուսանողներին գիտակցաբար կամ անգիտակացաբար քարոզվում է անտարբերություն՝ թեկուզ Հայաստան աշխարհը վերանա, դու քո գործը պետք է անես։ Այնինչ, այս պահին միակ գործը պիտի լինի Հայաստանի սահմաններն ամրապնդելը։ Այլ հարց, եթե այդ նույն ուսանողներին վերցնեին ու գային զորամասեր համերգներով զինվորներին ոգեշնչելու, ինչո՞ւ ոչ՝ թիկունքում օգտակար գործ անելու։ Երբ սա ասում եմ, ինձ հակադարձում են, թե՝ պետականորեն հայտարարված մոբիլիզացիա չկար։ Բա հետո ասում եք՝ Հայաստանը դեմոկրատական երկիր է, եթե միապետը զորահավաքի հրովարտակ չի արձակել, նշանակում է ոչ մի կամավոր ոչ մի տեղ չպե՞տք է գնա։

Հունվարի 19-ին տեղի ունեցավ արհավիրք, 15 հայ տղա կացարանում այրվեցին։ Հունվարի 20-ին Երևանի բոլոր մշակութային օջախներում, բացառությամբ Ստանիսլավսկու անվան և Հակոբ Պարոնյանի անվան թատրոններից, խաղում էին ներկայացումներ։ Խնդիրն այստեղ այն է, որ որևիցե մեկը այդ 15 տղաների զոհվելու փաստը չընդունեց որպես անձնական դժբախտություն։ Եթե, Աստված չանի, որևէ գեղարվեստական ղեկավարի կամ տնօրենի որդին լիներ այդ 15 տղաների թվում, այդ թատրոնում ներկայացում կխաղայի՞ն։ Պետական մակարդակով ևս սուգ չի հայտարարվել, դա հասկացանք, բայց այդ ողբերգությունն ընդունել որպես սեփական, կարող էինք։ Այսինքն՝ մենք դադարել ենք լինել մարդակենտրոն։ Ինձ համար շատ զարմանալի է, որ Երևանի Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնն այս ծանր օրերին ունի Բիզեի «Կարմեն»-ի երկու բեմադրություն՝ տարբեր ռեժիսորների։ Այսինքն՝ այս օրերին ունենալ երկու «Կարմեն» և չունենալ «Դավիթ Բեկ»․․․ Թատրոնը պիտի խոսք ասի, չէ՞, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է անում թատրոնն այսօր հայ մարդուն այս վիճակից հանելու համար։ Գաղափարական ի՞նչ է տալիս։ Ազգային ոչինչ չի արվում, ես կարող եմ վստահաբար ասել, որ սա ուղղակի տեռոր է ազգայինի դեմ։

Անդրադառնանք Արցախի շրջափակմանը։ Լենինգրադի բլոկադայի ժամանակ Շոստակովիչը գրեց իր հանրահայտ սիմֆոնիան։ Արցախի ճանապարհը 100 օր է՝ փակ է, որևէ հայ ստեղծագործող մի գործ գրե՞լ է։ Շատ անելիք կա, որ անհատը պետք  է անի, բայց չի անում։ Ազգային արժեքների, հայ ազգի ու մեր ինքնության դեմ այսօր կոնկրետ դիվերսիա է տեղի ունենում։ Պետությունը պետական մակարդակով դիվանագիտության ոլորտում չի օգտագործում իր հզոր արվեստագետներին։ Դասական երաժշտության ոլորտում գիտե՞ք ինչ երաժիշտներ ունենք, որոնք աշխարհի բեմերն են զարդարում։ 2020 թվականից հետո բազմաթիվ հայ ուսանողներ ու երիտասարդներ աշխարհի հեղինակավոր մրցույթներում բարձր տեղեր են գրավել։ Որևիցե մեկը ծպտուն հանե՞լ է իր հայրենիքի մասին։ Հետևաբար, այսօր ինչ արվում է, չի ծառայում մեր հայրենիքին։ Երևանում անցկացվում են դասական երաժշտության փառատոններ, նախարարությունը շատ հանգիստ կարող է այդ փառատոնն անցկացնել, օրինակ, Ջերմուկ քաղաքում։ Եվ այդպես դիվանագիտորեն ինչ-որ հարցեր լուծել։ Այսինքն՝ ուղիներ շատ կան, գործ անող է պետք։ Ջերմուկ քաղաքի էջում միայն գրված է՝ եկեք զբոսաշրջային կենտրոն Ջերմուկ, ավանդական խոհանոց վայելեք։ Այս ի՞նչ եք անում, որկրամոլությունից ու լափելուց դուրս եկեք, այս ազգին սարքել եք մթերման հանձնելու խոզ, բտում եք, որ տանեք սպանե՞լ տաք։ Այնպիսի տպավորություն է, որ արվեստի ոլորտի մարդկանց, մշակույթի օջախները սարքում են աղանդավորներ։ Այսինքն՝ դու ես ու քո թատրոնը, դրանից այն կողմ այլ բան չկա։ Եվ մարդիկ դրանից այն կողմ ոչինչ չեն տեսնում։ Երևանում արվեստագետներից շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ Ջերմուկը կամ Կապանը օվկիանոսից այն կողմ են։ Այսինքն՝ իրենք նպաստում են հասարակության թմրելուն, անտարբերությանը։

Այսօրվա իրավիճակը լուծելի ու կառավարելի է, եթե մշակույթի ոլորտի մարդիկ ոտքի կանգնեն։ Արվեստն ու պատերազմը թվում է, թե անհամատեղելի աշխարհներ են, բայց շատ համատեղելի են։ Եթե ԿԳՄՍ նախարարությունը ինչ-որ ծրագրեր է ուզում անել և չի կարողանում, թող ինձ 6 ամիս ժամանակ տան, ես իրենց 20 տարի չարած գործը կանեմ։ Եթե չանեմ, թող գլխատեն։ ՈՄԱ-ի լեռնահրաձգային գումարտակը անում է մեծ գործ, և ես ստիպված պետք է խնդրեմ ղեկավարությանը, որպեսզի մշակութային ծրագրեր էլ իրականացնեմ մարզերում։ 2018 թվականից ի վեր Հայաստանում երրորդ թատրոնն է փակվում։ Փակում են, որովհետև թատրոնը խոսք ունի ասելու, իսկ այդ խոսքից վախենում են։