Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե արջը լավությունս սխալ է հասկացել՝ թող ինձ վնասի»․ ասում է կապանցի անտառապահը (ֆոտոշարք, տեսանյութ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Արջը գիշերները եկել է՝ ջարդել փեթակները, մեղրը կերել։ Մեղրային շրջանակները փեթակներից հանել է ՝ վնաս տալու համար նետել է դեսուդեն»,-պատմում է Կապանի անտառտնտեսության անտառապահ Մայիս Գեւորգյանը։

Գեղիում ապրող անտառապահը մի քանի գիշեր հերթապահել է ՝ մտածելով, որ կտեսնի արջին։ «Ուղղակի ուզում էի տեսնեի՝ ինձ ծանոթ արջն է, թե չէ՞»,-կես կատակ, կես լուրջ ասում է Մայիս Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ ամռանը Գեղվաձորում արջը փորձել էր մետաղալարից պատրաստված ցանկապատի տակով անցնել, սակայն չէր կարողացել։ Մայիս Գեւորգյանը մի քանի հոգու հետ փորձում է ազատել արջին, բայց վերջինս հարձակվում է անտառապահի վրա։ Արջի հետ «մենամարտի» ժամանակ Մայիս Գեւորգյանը վնասվածքներ է ստանում։

Չվնասված փեթակների մեղուները, անտառապահի խոսքով՝ «գազազած, կատաղած են»։ «Փեթակներ կան, որ բացել է, մի հատ մեղրային շրջանակ հանել է ու վերջ։ Սա ջղայնացրել է մնացած մեղուներին»,-ասում է Մայիս Գեւորգյանը։ 10 փեթակ է ավերել՝ 7-ն ընդհանրապես չկա, իսկ 3 փեթակ անպիտան են դարձել։

Անտառապահի հետ զրույցում հիշեցրինք՝ ինքն ուզում էր տեսնել իր հետ «մենամարտող» արջին, հիմա հնարավո՞ր է, որ հենց իր ծանոթ արջն է։ «Գուցե, բայց ես մաքուր մարդ եմ, ես իրեն փրկել եմ այն ժամանակ։ Իսկ եթե լավությունս սխալ է հասկացել, թող հիմա ինձ վնասի, ոչ թե մեղուներին»,-նշում է Մայիս Գեւորգյանը։

Պատմում է՝ մի քանի գիշեր աչալուրջ է, նստել՝ հսկել է․ արջը չկար։ « Մի գիշեր էլ ծարավեցի, գնացի ջուր բերելու, երեւի մի 10 րոպե, եկա՝ տեսա փեթակներից մի երեք հատը չկա։ Երեւի ես իրեն էի հետեւում, ինքը ինձ»,-ասում է Մայիս Գեւորգյանը։

«Չգիտեմ, գուցե բնության օրենք է, որ պիտի այսպես լինի, բայց ես արջին ոչ մի դեպքում չեմ վնասի, թող ապրի»,-վերջում հավաստիացնում է Մայիս Գեւորգյանն ու հրաժեշտից առաջ առաջարկում մեղրով թեյ խմել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ