Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե Լավրովն ասում է, որ Ալմա Աթայի հռչակագիրը նաեւ Ղարաբաղն է ներառում, թե թող ՀՀ իշխանությունից արձագանք լինի»․ Անդրանիկ Թեւանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ ՀՀ-ն գրավել էր Ղարաբաղի շուրջ յոթ շրջանները, եւ նախկին իշխանությունները հրաժարվում էին դրանք հանձնել Ադրբեջանին։ Նաեւ ասաց, որ ՀՀ ներկա իշխանությունը ԵՄ-ի մասնակցությամբ Ադրբեջանի հետ Պրահայում փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի՝ Ալմա Աթայի հռչակագրով Արցախը դիտարկվում է Ադրբեջանի կազմում։ Տպավորություն է, որ ըստ նրա՝ գոնե ԼՂԻՄ-ն Ադրբեջանին չի պատկանում։ Ձեր մոտեցումը ո՞րն է»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանին հարցրեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց․ «Մենք չենք կարող այլ պետություններից պահանջել լինել ավելի հայամետ, քան ՀՀ իշխանությունը։ Եթե վերջինս Պրահայում ընդունել է Ղարաբաղը որպես մաս, ապա մյուս հայտարարությունները տեղավորվում են դրա շրջանակում։ Եթե Լավրովն ասում է, որ Ալմա Աթայի հռչակագիրը նաեւ Ղարաբաղն է ներառում, թե թող ՀՀ իշխանությունից արձագանք լինի, թող ասեն, որ վերապահումներ են եղել այդ հռչակագիրն ընդունելիս։ Պրահայից հետո Սոչիում հոկտեմբերին եռակողմ հանդիպում եղավ, որի արդյունքում Պուտինը հայտարարեց, որ բանակցությունները ծանր էին եւ որոշ ձեւակերպումներ դուրս են մնացել հայտարարության տեքստից։ Իսկ դուրս մնացածները վերաբերում էին ԼՂ խնդրին։ Հակամարտությունը կարգավորելու հարցը թողնվում է հետոյին։ Այդ կետը, սակայն, դուրս մնաց, որովհետեւ Ալիեւը հղում անելով Պրահային եւ Նիկոլ Փաշինյանին՝ ասել էր, որ ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»։

Ինչ վերաբերում է տարածքները հանձնելուն, պատգամավորը հիշեցրեց՝ ՀՀ բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են փոխզիջումային տարբերակին, որին Ադրբեջանը համաձայնություն չի տվել եւ հավելյալ պահանջներ է ներկայացրել․ «Լավրովն իր խոսքում բաց է թողել այն, որ առանց կարգավիճակի հարցի՝ ՀՀ իշխանությունը չի ուզել տարածքներ հանձնել։ Մինչդեռ գործող իշխանությունն ամբողջությամբ է հրաժարվել այդ ամենից։ Ասում էին, որ բանակցում են զրոյական կետից, կամ ոնց ուզում՝ ըտենց էլ բանակցում են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ