Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե մենք ցանկանում ենք խուսափել նոր պատերազմից կամ «Ալեքսանդրապոլ-2»-ից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մեր իշխանությունը «տաղանդավոր» լուծում է գտել. փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, չգտնելով որեւէ նոր դաշնակից». «Առավոտի» զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

– ՀՀ Սահմանադրական դատարանը՝ կառավարության դիմումի հիման վրա, օրերս որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Մինչ այդ, Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու սանկցիա էր տվել: Հայաստանյան որոշ շրջանակներում ոգեւորություն է առաջացրել այն փաստը, որ ՌԴ նախագահին կալանավորելու հնարավորություն ենք ստանում: Նկատի ունենալով այն արձագանքը, որը որ եղավ նաեւ Մոսկվայից՝ Հռոմի ստատուտը Հայաստանում հաստատելուն ուղղված քայլերի հարցում եւ ներկայիս տարածաշրջանային զարգացումները, ի՞նչ իրավիճակ կարող է Հայաստանի համար ստեղծվել:

– Նախ, Հաագայի միջազգային քրեական դատարանն ամենեւին էլ այն հեղինակավոր կառույցը չէ, որի միջոցով Հայաստանը հույս ունի պատասխանատվության կանչել Ադրբեջանին՝ պատերազմական հանցագործությունների համար: Այս դատարանը աշխարհաքաղաքականության գործիքներից մեկն է ու, օրինակ, աչք փակեց, երբ Բուշ- կրտսերը ու Բլերը, առանց միջազգային սանկցիայի, կամպանիա սկսեցին Իրաքի դեմ, բայց Պուտինի հարցում, ինչպես տեսաք՝ «նախանձախնդիր» եղավ: Ավելորդ է ասել, որ նման երկակի ստանդարտներն արժեզրկում են միջազգային իրավունքն ու արդարադատությունը՝ հատկապես միջազգային քաոսի պայմաններում:

Մյուս ուշագրավ հանգամանքը՝ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը, այս դատարանի անդամներ չեն ու անհասկանալի է, թե ո՞ւր եւ ինչո՞ւ է շտապում Հայաստանը, մանավանդ աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակում ու հատկապես, որ ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Պուտինի՝ Հայաստանի դաշնակից երկրի ղեկավարի մասով:

Ինչ վերաբերում է Պուտինին ձերբակալելու հնարավորության վերաբերյալ Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների ու նրանց սատելիտների ոգեւորությանը, ապա սրան քաղաքական եւ բանական բացատրություն չկա. թերեւս, մնում է հիշել մեր ժողովրդի սիրած «Քաջ Նազար» հեքիաթը: Ցանկացած բանական իշխանություն պարտավոր է սառեցնել այս գործընթացը՝ Հայաստանի դեմ արտաքին ճնշման նոր գործիք չստեղծելու, նոր թշնամիներ չավելացնելու համար: Բայց եթե մենք բանական իշխանություն ունենայինք, Գագիկ Մելքոնյանի նման արկածախնդիրը չէր հայտնվի ՔՊ խմբակցությունում, առավել եւս՝ իշխանության բարձր մակարդակով նման մարդու չէր հանձնարարվի քաղաքական PR կազմակերպել Պուտինին «բռնելու» թեմայով:

Այնուամենայնիվ, եթե ողջամտությունը չհաղթի, հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամն ավելի է խորանալու՝ իր հետ բերելով լրջագույն անվտանգային, տնտեսական, սոցիալական ռիսկեր:

– Արցախի շուրջ օղակը սեղմվում է, օրերս ադրբեջանին հաջողվեց եւս մեկ կարեւորագույն դիրք զբաղեցնել՝ մեծացնելով իրենց վերահսկողությունը, ռուսական կողմի գործողություններն այս առիթով շատ հարցեր են առաջացնում, իսկ հայկական կողմում լուռ անտարբերությունը կամ Արցախից ու արցախահայերից հրաժարվելու հրապարակային քաղաքականությունը շարունակվում է. ո՞ւր ենք գնում:

– Ալիեւի քաղաքականությունն առավել, քան բացահայտ է՝ նա ամեն գնով ցանկանում է ոչնչացնել Լաչինի միջանցքը, նրա միջազգային կարգավիճակը՝ որպես Հայաստանի եւ Արցախի անխափան կապն ապահովող անվտանգության գոտի: Նա շատ լավ հասկանում է, որ Լաչինի միջանցքի կարգավիճակից է բխելու ԼՂ ապագա կարգավիճակը, այլ խոսքով՝ ոչնչացնելով միջանցքը, նա Արցախը զրկում է սուբեկտության հեռանկարից: Ալիեւը գնում է նման ագրեսիվ ու ցինիկ քաղաքականության, որովհետեւ հաշվարկել է, որ չի հանդիպելու ոչ ռուսական կողմի եւ ոչ էլ՝ արեւմտյան երկրների ու կառույցների հակազդեցությանը:

Սրան նպաստել է Նիկոլ Փաշինյանի ձախորդ քաղաքականությունը, ով Պրահայում, ըստ էության՝ բավարարեց Ադրբեջանի նախագահի պահանջը, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա դիմաց՝ որեւէ համարժեք զիջում չստանալով Արցախի սուբեկտության, նրա ժողովրդի անվտանգության համար:

Չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ օրեր, շաբաթներ անց կարող է երանելի թվալ անգամ Լավրովի առաջարկած «Դոնբասի» մոդելը: Ստեղծված իրավիճակում՝ հայկական դիվանագիտությունը մեծ ջանքեր պետք է գործադրի Արցախի հայկականությունը պահպանելու ուղղությամբ, ցավոք՝ աչքի առաջ ունենալով նաեւ մեր հայրենակիցների էվակուացիայի հեռանկարը:

Իմ հոռետեսական կանխատեսումների հիմքում ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն է, այլ Հայաստանի իշխանության խմբակի ապաշնորհությունն ու դիլետանտիզմը:

– Իրավիճակի հնարավոր փոփոխության համար, շատերը կարծում են, որ Հայաստանում իշխանափոխություն է պետք, որը համառորեն չի ստացվում. նախկին ընդդիմությունը ցույց տվեց իր ամլությունը, նոր ընդդիմություն դեռ չի ձեւավորվում, իսկ զարգացումները, կարծես, ավելի ինտենսիվ փուլ են մտնում: Հետեւաբար՝ ի՞նչ անել, ինչպե՞ս դիմագրավել վերահաս վտանգները, երբ ՀՀ իշխանությունը ձեռքերը վեր պարզած՝ հայկական շահերը հանձնում է օտարների շահերին:

– Ձեր հարցի մեջ արդեն կար պատասխանը՝ եթե մենք ցանկանում ենք խուսափել նոր պատերազմից կամ «Ալեքսանդրապոլ-2»-ից, Հայաստանում անհրաժեշտ է արագ իշխանափոխություն: Հին համակարգի ուժերը ոչ միայն չեն կարող այդ խնդիրը լուծել, այլ Փաշինյանի իշխանության «քաղաքական թթվածինն» են:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը միակն է, որ ունի իշխանափոխության մշակված ծրագիր՝ «Նիկոլափոխություն» կարգախոսով, հիմա մենք կոնսուլտացիաների մեջ ենք քաղաքական այլ ուժերի, անհատների հետ՝ այս ծրագիրը կյանքի կոչելու «ճանապարհային քարտեզ» մշակելու նպատակով:

Գրեթե համոզված եմ, որ հաջորդ տարվա սկզբին Հայաստանում քաղաքական փոփոխություններն անխուսափելի են, շատ կարեւոր է, որ այդ գործընթացները տեղի ունենան ոչ թե Հանրապետության փլատակների վրա, այլ Հանրապետությունը պահպանելու նպատակով:

– Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ոչ թե Հայաստանն է հեռանում ՀԱՊԿ-ից, այլ հակառակը, առնվազն տարակուսելի էր, եթե չասենք՝ անհեթեթ: Բայց Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ուշագրավ են դառնում այն պարագայում, երբ դրանք օր օրի վատթարանում են, այլ անվտանգային համակարգում Հայաստանին կարծես չեն սպասում, իսկ Ադրբեջանը բացահայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում դեռ ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ՝ պահանջելով արագ սահմանազատում-սահմանագծում՝ հակառակ պարագայում Արցախի եւ Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքներ հնչեցնելով: ՀՀ իշխանությունում, կարծում եմ, այս ամենը, նաեւ այլ ռիսկերը լավ հասկանում են, բայց համառորեն գնում են Ադրբեջանին ընդառաջ. նպատակը ո՞րն է:

– Ցավոք, դա Փաշինյանի միակ անհեթեթ հայտարարությունը չէ, որով օրակարգ չունեցող ղեկավարը փորձում է այլ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի օրակարգը որոշել: Հայաստանը չունի կոլեկտիվ անվտանգության այլընտրանքային առաջարկություն ու այս իրավիճակում՝ մեր իշխանությունը «տաղանդավոր» լուծում է գտել. փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, չգտնելով որեւէ նոր դաշնակից: Հայաստանի ամենամեծ խնդիրը որակյալ իշխանություններ ու սեփական օրակարգ չունենալն է: Եթե մենք ուզում ենք պետականության կոլապսից խուսափել, պարտավոր ենք այս խնդիրները լուծել:

Իհարկե, նոր իշխանությունները «կախարդական փայտիկ» չեն ունենալու, դարձյալ գնալու են ցավոտ զիջումների, բայց գոնե կարող են երաշխավորել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Արցախի սուբեկտությունը:

Ժամանակը մեր դեմ է աշխատում, վաղը նույնիսկ այս խնդիրները լուծել չենք կարող, եթե այսօրվա ընթացքը շարունակվի: Հապաղել չի կարելի:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ