Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆրանսիացի պաշտոնյա. Հայաստանի ամբողջականության համար պայքարը մեծապես հենց այստեղ է որոշվելու՝ Սյունիքում

 «Ես աստիճանաբար ճանաչել ու սիրել եմ Հայաստանը ու գիտեմ, թե ինչ պատմական ու խորհրդանշական արժեք ունի այստեղ գտնվելը։ Իսկ ինչո՞ւ են մենք այսօր այստեղ․ Հայաստանի ամբողջականության համար պայքարը մեծապես հենց այստեղ է որոշվելու՝ Սյունիքում»,-ասել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն Սյունիք այցի ընթացքում։

Նա նշել է, որ սյունեցիները միշտ կրել են հայ դիմադրության ոգին, Սյունիքը երբեք չի ընկրկել։

«Ես, որ գալիս եմ լեռնային երկրից, շատ զգայուն եմ այնպիսի անհատների հանդեպ, ինչպիսիք են Դավիթ Բեկն ու Գարեգին Նժդեհը։ Ուստի, որպեսզի Հայաստանը հաջողության հասնի, պետք է Սյունիքը զարգանա և ուժեղ լինի։ Դուք եք մեծ ճանապարհների այն խաչմերուկը, որը կարող է լինել նաև Հայաստանի պաշտպանությունը․ այսպիսով, մեր նպատակն է հզորացնել այս մարզը՝ համատեղ ծրագրերի ու համագործակցության միջոցով։ ․․․ Այս պահից սկսած՝ Սյունիքի մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ճակատագրերը համատեղված են, դա նշանակում է՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա»,-ասել է նա։

Նշենք, որ մարտի 29-ին Սյունիքի ամենանշանավոր պատմական հոգևոր-մշակութային-գիտակրթական կենտրոնում՝ Տաթևի վանական համալրիրում կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։

Համաձայնագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բարեկամության, արդարության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա։

Համագործակցության ոլորտի առաջնահերթություններն են՝ բուժօգնության հասանելիություն, տնտեսական զարգացում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մասնագիտական կրթություն՝ հիմնականում երիտասարդների համար, զբոսաշրջության խթանում, ֆրանկոֆոնիայի խթանում։