Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Գյումրու թատրոնի տոմսերն այնպես են սպառվում, ինչպես սովի տարիներին՝ սև հացը»․ 5 մրցանակ՝ աճեմյանցիներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում հանդիսատեսին ներկայացրեց լեհ հանրահայտ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» քաղաքական սատիրայի գլխավոր փորձը։

Պրեմիերան կլինի վաղը՝ ապրիլի 1-ին։

Ռեժիսորը Արտուշ Միքայելյանն է, որը նոր է վերադարձել զինվորական ծառայությունից։ Նա գյումրեցի հանդիսատեսին հայտնի է դեռ իր ուսանողական տարիներից, երբ բեմադրեց Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։

Երիտասարդ ռեժիսորը նշեց, որ աշխատանքները սկսել են սեպտեմբերից։ Ըստ նրա, թեման արդիական է, մեզ հուզող, թեև գրվել է 60-ական թվականներին լեհ ժողովրդի համար անչափ ակտուալ խնդրի՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մասին։

«Մենք չենք փորձել տեղայնացնել, հայաֆիկացնել կամ նմանակել, համամարդկային թեմա է , և այն ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ռուս, բելառուս և մնացած ժողովուրդներին շատ հուզող է», -ասաց ռեժիսորը։

Ու որքան էլ ռեժիսորն ասի, թե թեման համամարդկային է, տեղայնացված չէ, միևնույն է՝ հայ հանդիսատեսը ներկայացման մեջ տեսավ ի՛ր հայրենիքին սպառնացող վտանգը․ սահմանին ապրող այն չքավոր ընտանիքի ծանր ապրումները, երբ եվրոպացի դիվանագետները գրչի մի հարվածով սահմանն անցկացրեցին նրանց տան մեջտեղով՝ նույնիսկ զուգարանը թողնելով սահմանից այն կողմ։

Նրանք չորս կես անելով աղքատիկ հյուղակը՝ դարձան 4 հոգանոց ընտանիքի տարեց անդամների մահվան պատճառ, նույնիսկ արգելեցին գոհունակության աղոթքներ հնչեցնել Աստծուն՝ ճաշելուց առաջ, քանի որ, ըստ դիվանագետների, միջազգային օրենքներով արգելվում էր կրոնական քարոզը սահմանին։ Հազիվ գոյություն քարշ տվող ընտանիքն ակամա հայտնվեց աշխարհաքաղաքական թատերաբեմում։

Լեհ հեղինակ տրագիկոմեդիան, որտեղ նա ցուցադրել էր գերտերությունների, քաղաքական, ռազմական գործիչների անմիտ, անտրամաբանական որոշումները և որոնց պատճառով ժողովուրդների կյանքը վերածվում է դժոխքի, անսպասելի լավատեսական ավարտ ունեցավ աճեմյանական բեմում։

Ընտանիքի երիտասարդ փեսան, որը սկզբում համակերպվելով՝ կատարում էր եվրոպացի դիվանագետների բոլոր ցանկությունները՝ մտածելով, որ նրանց որոշումներն այնքան խելամիտ կլինեն, որ կբավարարեն երկու երկրների ժողովուրդների պահանջները, ի վերջո հասկացավ, որ դրանք կործանարար են, տեր պիտի կանգնես քո ունեցածին ու ուժերը լարելով՝ ոչնչացրեց այն սահմանը, որն անցնում էր իր տան միջով։ Այսպիսով՝ նա կարողացավ փրկել իր տունը։

Գյումրու թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի մեկնաբանմամբ՝ ուշ թե, շուտ՝ ով ինչ ունի, իրեն է վերադարձվում, և ամենևին պետք չէ հուսահատվել, ընդհակառակը պիտի ամուր լինել, չզիջել, քանի որ այս միջոցով կարելի է լուծում տալ ցանկացած անլուծելի թվացող հարցի։

Գլխավոր դերը մարմանվորում էր Գյումրու դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Սաղաթելյանը։ Հոր կերպարը մարմանվորում էր Վարագ Գևորգյանը, մորը՝ Նառա Սանթոյանը, կնոջը՝ Գայանե Մանուկյանը, իսկ դիվանագետներինը՝ Հասմիկ Սուվարյանը, Արկադի Ղարագուլյանն ու Վալենտին Պետրոսյանը։ Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը՝ Արտուշ Միքայելյանինն է, իսկ նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի։

Հաջողված էին բոլոր կերպարները, միջավայրը․ ռեժիսորը կարողացել էր ընտանիքի ծանր հոգեապրումների միջով անցկացնել հանդիսատեսին, և իհարկե, ներկայացման վերջում հրճվանք պատճառել, ցույց տալ, որ զիջելը, այն էլ թուղթ սևացնող դիվանագետների հորդորով, ճիշտ լուծում չէ, պիտի պայքարես քո կյանքի իրավունքի համար։

Այն պահին, երբ հերոսը վերացրեց իր տան միջով անցնող սահմանը, անվերջ ծափահարություններ հնչեցին դահլիճից․ հանդիսատեսը ցնծության մեջ էր։

Ի դեպ, Արտուշ Միքայելյանը հունիսին կմասնակցի Չեխովյան փառատոնի, որտեղ ռեժիսորական դասընթացներ են անցկացվելու։ Հայաստանն ունենալու է երկու ներկայացուցիչներ, որոնց մեկը հենց նա է։

Այս ներկայացումից հետո ԿԳՄՍ-ի դրամաշնորհային ծրագրով աճեմյանական բեմ կբարձրանա Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»։

Նշենք, որ լեհ հանրահայտ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի քաղաքական այս սատիրան ներկայացնելուց առաջ Գյումրու թատրոնի անձնակազմը հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Թատրոնի միջազգային օրվա առիթով «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Գյումրու թատրոնը ստացել է 5 մրցանակ․ Ջեմմա Ադամյանը «Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ «Սպասում» ներկայացման համար, Տաթև Ղազարյանը՝ «Լավագույն դերասանուհի»՝ «Միզերի» ներկայացման համար։

«Լավագույն ռեժիսուրա» մրցանակին արժանացել է Գոռ Մարգարյանը՝ «Միզերի» և «Բովանդակություն» ներկայացումների համար, իսկ գյումրեցի երիտասարդ ստեղծագործող Նարեկ Կոսմոսը՝ «Լավագույն երաժշտության հեղինակ» մրցանակի՝ «Միզերի» և «Բովանդակություն» ներկայացումների համար։

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ մրցանակները շատ պարտավորեցնող են իրենց համար։

«Մարդիկ կան կարևորում են, մարդիկ կան, չեն կարևորում, կա տարի, որ ոչ մի մրցանակ չես ստանում։ Գիտեք՝ ոգևորում է , Հայաստանում ունենք մեկ թատերական մրցանակաբաշխություն, մենք վերածում ենք տոնի, մրցանակ ստանալը յուրաքանչյուր թատրոնի համար երջանկություն է։ Սպասում էի, բայց չէի սպասում 5 մրցանակ»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նա ասաց, որ կարևորում է մրցանակը, քանի որ տեղ են տալիս երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներին, նոր մտքերին ու գաղափարներին։

Թատրոնի վաստակավոր դերասան Տիգրան Գաբոյանն էլ , խոսելով թատրոնի ճիշտ խաղացանկ ընտրելու մասին, ասաց, որ Երևանում «Հրաշագործ» ներկայացման տոմսերն այնպես են սպառվում, ինչպես սովի տարիներին սև հացը։
«Ես իմ բարեկամների համար չեմ կարող հրավիրատոմս խնդրել, որովհետև օրեր առաջ վաճառված են բոլոր տոմսերը»,-ասաց Տիգրան Գաբոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ