Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հասարակական տրամադրությունն արդեն բավականին առողջ է, այլևս միայն հույզերով ու կարծրացած պատմական կաղապարներով կապված չէ ռուսական հիվանդ սայլին

Lragir.am-ի զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, ի՞նչ եք արձանագրում Երևանում անցկացված ՀԱՊԿ վեհաժողովից հետո։ Նախ տեղեկություն եղավ, թե իբր այդ կառույցը քննարկելու էր Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցը։ Այնուհետև հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։

Ցավոք, վստահ չեմ, թե պարոն Փաշինյանը կարող էր ինքնուրույնաբար հրաժարվել ստորագրելուց: Մխիթարականն ու գովելին այն է, որ Հայաստանի իշխանությունն այս անգամ հմտորեն տեղավորեց հայկական հեռահար շահը ռուսական այսրոպեական ցանկության տիրույթում: Գնահատման համար դեռ վաղ է. Ռուսաստանի քաշային փոփոխությունները ցույց կտան մեր իշխանության այս վարքի արդյունավետության աստիճանը: Անձամբ ես ուրախ եմ նման վարքի համար:

Չնայած ակնհայտ է այդ կառույցի անդամ երկրների ղեկավարների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, սակայն Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել, թե ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատական ու գործողություններ են սպասում Հայաստանի դեմ հարձակման փաստով։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

Իշխանությունները շատ ճիշտ են անում, որ նման հարցադրում-պահանջ են ներկայացնում: Դրանով ստեղծվում է այն հիմքը, որը մեր ձեռքերն առաջիկայում ազատելու է առավել կուռ անվտանգության պաշար ստեղծելիս:

Երևանում բողոքի ակցիա անցկացվեց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։ Ի՞նչ եք նկատում, հայ հասարակության մոտ ի՞նչ տրամադրություններ են այս հարցով։

Ցավոք, իրարից առանձին անցկացվեցին բողոքի այդ հրաշալի ակցիաները: Կեցցեն ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցները: Դա շառաչուն ապտակ էր մեզ թշնամական և ընդհանրապես հակաքաղաքակրթական այդ կառույցին, միով բանիվ՝ Ռուսաստանին. բայց խնդիրը սրտհովանքի ապտակը չէ, այլ դիմադրողականության մեր քաղաքացիական ցուցիչը: Իմ տպավորությամբ՝ մեր հասարակական տրամադրությունն արդեն բավականին առողջ է, այլևս միայն հույզերով ու կարծրացած պատմական կաղապարներով կապված չէ ռուսական հիվանդ սայլին: Եվս մի փոքր հասունացում, և կարելի կլինի արձանագրել, որ մենք դարձել ենք պետական ազգ:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց համար ընդունելի են «ռուսական առաջարկները»։ Ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի ու Արցախի համար։ Զուգահեռ ի՞նչ է առաջարկում Արևմուտքը։

Չեմ կարծում, թե գիտեմ Ռուսաստանի առաջարկելիքը: Միակ բանն այդ մասին հնչեցրել է Պուտինը՝ «Վալդայ» համաժողովում, իբրև թե ուզում են, որ խաղաղության պայմանագիր կնքվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցը թողնվի հետագային: Իսկ Պուտինի որևէ ասածի վստահելը տկարամտություն կլիներ: 2020 թվականի եռակողմ հայտարարության հաջորդ օրն իսկ նույն Պուտինն ասում էր. «Ղարաբաղյան հակամարտություն որպես այդպիսին այլևս գոյություն չունի»: Կարճ ժամանակ անց Արևմուտքի խոհեմ քայլերի արդյունքում պոչը հետ քաշեց և հիմա ուղիղ հակառակն է ասում: Արևմուտքի առաջարկների մասին էլ կոնկրետ ոչինչ չգիտենք իրականում. վստահել պետք չէ Փաշինյանի այն խոսքին, թե հենց Արևմուտքն է ասում «կարգավիճակի նշաձողն իջեցնելու» մասին: Արևմուտքի իրական ասածների մասին միայն կռահումներ է հնարավոր անել, որ ամեն դեպքում ռուսական 200-ամյա հակահայկականությունը չի կարող լինել՝ ելնելով Արևմուտքի քաղաքակրթական գենեզիսից:

Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս պետք է Հայաստանը դիմակայի այսօրվա մարտահրավերներին։

Ըստ իս՝ նախ մեր ավգյան ախոռը շատ արագ և հիմնավոր մաքրելով է հնարավոր դիմակայել մարտահրավերներին: Իսկ այդ ախոռն առաջին հերթին մեր հոգևոր ու բանական ասպարեզն է, որի ուղղությամբ մեր իշխանությունները, ցավոք, միայն ձախողումներ են արձանագրում: Բանակը, տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը սոսկ ածանցյալներն են մեր արժեքային դրվածքի, պատրաստվածության, համակարգվածության: Ձեր նշած հարցերին հնարավոր է արդյունավետ պատասխան գտնել միայն այն պարագայում, երբ արդեն մեզ համար հիմնավորապես պատասխանել ենք 100 տարի առաջ արված Չարենցի հարցադրման՝ «Ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում»: