Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու ուղղությամբ հայկական կողմը իրականացնում է ակտիվ աշխատանքներ. Միրզոյան

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ վերահաստատել ենք մինչև այս տարվա զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պատրաստակամությունը։ Այս ուղղությամբ հայկական կողմը ներկայումս իրականացնում է ակտիվ աշխատանքներ»,- նախօրեին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ներկայացնելով կառավարության ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույց՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով փետրվարի 15-ին Թուրքիա կատարած աշխատանքային այցին։ 

Նա նաև ասել է. «2022թ. շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացը: Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում, 2022թ․ փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։

2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկնարկը տրվել է արդեն ընթացիկ տարում»։