Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հայանտառի» տնօրենը բան ու գործ չունե՞ր, պետք է վարձակալական պայմանագրերո՞վ զբաղվեր»․ Մարտուն Մաթեւոսյանը չի ընդունում մեղադրանքը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին), ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասով և 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին): Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահերի, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք դուրս են եկել իր լիազորությունների շրջանակներից, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին վկաները։ Ըստ գործի նյութերի՝ «Հայանտառի» նախկին տնօրենը 2007թ. օգոստոսին 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր է կնքել, համաձայն որի՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վարձակալների ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240 000 ՀՀ դրամ վարձավճարով: 2014թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը քաղաքացիական հայցեր է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես վարձավճար և տուժանք վարձակալներից յուրաքանչյուրից բռնագանձել 11,371,517-ական ՀՀ դրամ գումար (ընդհանուր 34,114,551 ՀՀ դրամ), որոնք քաղաքացիական գործերով դատարանի կողմից բավարարվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, սակայն, օրինական ուժ ստացած վերոնշյալ դատական ակտերն ի կատար ածելու փոխարեն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, վարձակալների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնյային օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկել:

Մեղադրող դատախազ Գայանե Աղաջանյանը հարցրեց վկաներին, թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ու իրենց միջեւ ի՞նչ պայմանագրեր են կնքվել, ի՞նչ ժամկետով ու ի՞նչ նպատակով, վարձավճարների վճարումը կատարե՞լ են, թե՞ ոչ։ Դատախազը նաեւ ասաց, որ կնքված վարձակալության պայմանագրերի արժեքը տարեկան կազմել է 360 000 դրամ։

Վկա Սերյոժա Մկրտչյանն ասաց, որ 2007 թվականին է վարձակալության պայմանագիր կնքել։ «Մեկ տարի վարձավճարը մուծեցի, հետո գործերս վատացան, էլ չմուծեցի։ Չէի օգտագործում, չմուծեցի, հետո դատարանից թուղթ եկավ, որ «Հայանտառը» դատի է տվել»,- ասաց վկան։ Դատավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ վարձակալության պայմանագրի դիմաց վճարումները չի կատարել։ Սերյոժա Մկրտչյանն ի պատասխան ասաց․ «Հարեւաններս չէին մուծում, ես էլ չմուծեցի»։ Դատավորն արձագանքեց․ «Այսինքն՝ եթե մյուսները ոչ լավ բան են անում, դուք էլ եք անո՞ւմ»։

Վկա Արմենուհի Հունանյանը, որը Հրազդանի անտառտնտեսության նախկին տնօրենի կինն է, դատարանում ասաց, որ Մարտուն Մաթեւոսյանին ճանաչում է դեմքով, քանի որ իր ամուսնու ղեկավարն է եղել։ Նա նշեց, որ առանց կադաստր ու նոտար գնալու է վարձակալության պայմանագիր կնքել «Հայանտառի» հետ։ Նա ասաց, որ հողատարածքը վարձակալել էին, որպեսզի հանգստի գոտի ստեղծեին։ «Ամուսինս դեմ է եղել, «Հայանտառում» պայմանագիրը կնքեցինք, հետո հողատարածքը չօգտագործեցինք, քանի որ բարձր էր ու թեքություն ուներ։ Չեմ օգտագործել, ոչ մի վճարում էլ չեմ արել։ Որեւէ ծանուցում չեմ ստացել, որ պետք է վճարեի»,- ասաց վկան։

Դատախազ Գայանե Աղաջանյանը տեղեկացրեց, որ ըստ գործի նյութերի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի հրամանով Արմենուհի Հունանյանին ներվել է 6 մլն 752 հազար դրամ պարտք։ Դատախազը հարցրեց վկային՝ թե իր ամուսնու ու Մարտուն Մաթեւոսյանի աշխատանքային կապը կարո՞ղ էր պատճառ լինել, որ իրենց ներվեր այդ պարտքը, Արմենուհի Հունանյանը պատասխանեց, որ չգիտի։

Մարտուն Մաթեւոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Դատական քննությունը դեռ շատ բաներ կբացահայտի։ Քրեական գործում դրվագ կա, որ ես չեղարկել եմ պարտքերը։ Դա գալիս է նրանից, որ այդ պայմանագրերը կադաստրային գրանցում չեն ստացել։ Այսինքն՝ պայմանագրերը կնքվել են տարածքների վրա, որոնք անտառային ֆոնդի հող չեն եղել։ Դրանից առաջ, երբ համայնքների վարչական սահմանները հստակեցվել են, այդ տարածքները փոխանցվել էին համայնքին։ Եվ մենք տեղյակ չենք եղել, նախկին քարտեզներով են դրանք անտառային ֆոնդի հող, եւ պայմանագրերը չեն գրանցվել Կադաստրում։ Եթե չեն գրանցվել, դրանք առոչինչ պայմանագրեր են։ Միգուցե մեր ծառայությունների թափթփվածության արդյունք է սա, այն ժամանակ պետք է չեղարկվեին այդ պայմանագրերը, չեն չեղարկվել, չնայած, որ եթե կադաստրային գրանցում չեն ստացել, մեր օրենսդրությամբ դրանք առոչինչ պայմանագրեր են։ Բայց դրանց վրա 2007 թվականից պարտքեր են հաշվարկել։ Եվ տույժերի մեծ չափերը գալիս են նրանից, որ պայմանագրում 0,05 տոկոսի փոխարեն հաշվարկվել է 0,5 մեկ օրվա համար, այսինքն՝ տույժ ու տուգանքները մեծ են եղել։ Հիմա այս պայմանագրերով վարձակալության գումարը, օրինակ, 7 տարվա համար 1 մլն 200 հազար դրամ է, տույժ ու տուգանքը՝ 12 մլն։ 2007 թվականին կառավարությունը որոշում ընդունեց, որ անտառային ֆոնդի հողերի վարձավճարները փոխանցվեն կառավարությանը։ Եվ եթե ես այն ժամանակ չզանգեի Ատոմ Ջանջուղազյանին, մենք չէիք էլ իմանա՝ այդ մարդիկ վարձավճարներ վճարել են, թե չեն վճարել»,- ասաց Մաթեւոսյանը։

Մարտուն Մաթեւոսյանը հավելեց, որ իր մերձավորները չեն եղել այդ անձինք, անձնական շահագրգռվածություն չի ունեցել․ «Եթե այդ վիճակում հայտնվեին այլ վարձակալներ, բնականաբար, բոլորի նկատմամբ նույն մոտեցումը կլիներ»։

Նրա խոսքով՝ մարդիկ տեղյակ չեն անտառային ոլորտի բազում խնդիրներից։ «Հայանտառի տնօրենը բան ու գործ չունե՞ր, պիտի առավոտից իրիկուն վարձակալական պայմանագրերով զբաղվե՞ր, այն դեպքում, երբ անտառային համակարգը լրջագույն պրոբլեմ ուներ»,- հավելեց նա։

Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 11։00-ին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ