Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ ունի․ որոնք են դրանք

Lragir.am-ի զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, Հայաստանի դեմ հերթական հարձակումն է նախաձեռնվել, և այս զարգացումների ֆոնին ակտիվություն է ցուցաբերում Արևմուտքը։ Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը՝ դիմակայելու այս հարձակումներին։

Ադրբեջանական հարձակումներին դիմակայելու բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք կա՛մ չեն օգտագործվում, կա՛մ մասնակի ու վախվորած են օգտագործվում: Առաջինը դադարեցնելն է Հայաստանի բնակչությանը հոգեբանական տեռորի մեջ պահելն ու հուսահատության մեջ նետելը: Երկրորդը բոլոր սահմանամերձ բնակավայրերում բնակչության զինումն ու աշխարհազորային խմբերի կազմավորմանը չխոչընդոտելն է: Երրորդը ի հեճուկս ռուսական արգելանքի՝ արևմտյան զինամթերքի ձեռքբերումն է: Չորրորդն Ապշերոնի չեկիստ բռնապետից զզված Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելն է, ինչի մասին մինչև պատերազմը Նիկոլ Փաշինյանը հոխորտում էր, բայց այդպես էլ չհանդգնեց կամ միտքը չզորեց: Հինգերորդը մեր քաղաքակրթական դաշնակիցների՝ արևմտյան ժողովրդավարությունների հետ հասկանալի լեզվով ու առանց գավառական խորամանկումների պայմանավորվածությունների ձեռքբերումն է, ինչին ցայժմ ձևական մոտեցում է ցույց տրվում՝ ռուսական ֆոբիաներ ունենալով: Վեցերորդը Թուրքիայի հետ ոչ ստանդարտ պայմանավորվածություններ ձեռք բերելն է, որ մեր դիվանագիտական կաշկանդված միտքը չի զորում: Այլ հնարավորությունների մասին չէի ցանկանա հրապարակավ խոսել:

Այս փուլում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին պահանջ է ձևավորվում Հայաստանում։ Արդեն հանրության լայն շերտերի համար էլ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն ապահովում Հայաստանի անվտանգությունը, այլ հակառակը՝ ավելի են սրվում անվտանգային հարցերը։ Սրան զուգահեռ, կան հայտարարություններ, որ ԱՄՆ-ն կարող է զենք վաճառել Հայաստանին։ Ի՞նչ քայլեր պետք է անել։

ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին անձամբ հրապարակային առաջարկ եմ արել դեռևս 2010 թվականին, երկրորդել այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը խորացան Գեղարքունիքի և Սյունիքի տարածքներում: Իսկ այժմ, երբ քաղաքակիրթ աշխարհին պատերազմ հայտարարած Ռուսաստանն ունակ է ամեն կարգի միջազգային խուլիգանության, յոթ չափելու և մեկ կտրելու բանաձևը հրատապ է. մենք պարտավոր ենք չափազանց զգույշ լինել՝ խուսափելով առերևույթ կտրուկ շարժումներից: Այդ առումով իշխանությունները ճիշտ վարվեցին, օրինակ, հրաժարվելով ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց, տեղեկատվական կիսաճշմարիտ արտահոսքեր կազմակերպելով զենքի գնման դիվերսիֆիկացիայի մասին: Նմանօրինակ լայն զինանոց կա, որից պետք է օգտվել զգուշորեն, բայց և անվախ:

Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ անհրաժեշտություն է առաջացել միջազգային դիտորդական առաքելություն հրավիրել շփման գիծ։ Այս հայտարարությունից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը։ Ռուսաստանն այսպիսով փորձում է վիժեցնե՞լ միջազգային դիտորդների մուտքը տարածաշրջան։ Եվ ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար։

Այո, Ռուսաստանը փորձում է և դեռ փորձելու է վիժեցնել Արևմուտքի ցանկացած դերակատարման փորձ մեր տարածաշրջանում, բայց դա չպետք է խանգարի, որ մենք հաշվարկած քայլեր կատարենք անհուսալի ռուսներին աստիճանաբար դուրս մղելու համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրեց Ուկրաինայի տարածքների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին բռնակցելու որոշումը։ Սա ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել։

Ռուսաստանը, որպես մայրամուտ գնացող ասիական կայսրություն, ունակ է ամեն բանի, ընդհուպ մինչև զանգվածային ոչնչացման զենքի կիրառում: Դրա արձագանքները մեր երկրի համար կարող են նաև ողբերգական լինել, ուստի ծայրահեղ զգոնություն է անհրաժեշտ: