Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին հարցին։ Նա միաժամանակ հայտարարեց, որ Հայաստանը չի մերժել ՀԱՊԿ դիտորդների տեղակայման առաջարկը։

«Հայաստանի ու Եվրոպայի հարաբերությունները կառուցողական են։ Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, ապա այդ առաքելության մանդատը շատ հստակ է, ինֆորմացիան հրապարակային է՝ դա քաղաքացիական դիտորդական առաքելություն է։ Կրկնում եմ, առաքելությունը կրում է բացառապես քաղաքացիական բնույթ»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը մերժեց ՀԱՊԿ դիտորդներին՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ հարցը կոռեկտ չէ, քանի որ Հայաստանը երբեք չի հրաժարվել այդպիսի առաքելությունից։ «Ավելին, այդ որոշման նախագիծը սեղանին է, դրա շուրջ աշխատանքը շարունակվում է։ Այստեղ առանցքային է այն, որ մեր ընկալմամբ ու զգացողությամբ ՀԱՊԿ-ն ինքը հստակ չի ճանաչել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Մեր տեսակետից դա մի փոքր խնդրահարույց է, բայց կրկնում եմ՝ որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքները շարունակվում են»,- հավելեց Միրզոյանը։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշեց․ «Ցանկանում եմ բավարարվածություն հայտնել Արարատ Միրզոյանի ասածի վերաբերյալ, որ Հայաստանը չի հրաժարվել ստորագրել ՀԱՊԿ տեղակայման մասին որոշումը։ Որոշումը կայացվել է Երևանում կայացած ՀԱՊԿ վեհաժողովում՝ մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում։ Բոլոր նախարարները քվեարկել են, գործն այն փուլում է, որ բոլոր երկրների կառավարությունների ղեկավարները դնեն իրենց ստորագրությունը։ Ես հույս ունեմ, որ այդ հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ն դրան պատրաստ է, հետևաբար, ես ուրախ եմ, որ Հայաստանը չի հրաժարվել այդ հնարավորությունից, որը, իհարկե, տարածաշրջանում անվտանգության ապահոման հնարավորություն է տալիս»։