Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում ստեղծվում է ամերիկյան ԱԹՍ-ների բազա

Սև ծովից մինչև Էգեյան ծով և ամբողջ Միջերկրական ծովը վերահսկող ԱԹՍ-ների բազա կստեղծվի հունական Լարիսա քաղաքի մոտ։ Այս մասին Parapolitika թերթի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Նշվում է, որ ութ արդիականացված ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր արդեն տեղակայվել են Հունաստանի 110-րդ կործանիչ ավիացիոն գնդի օդանավակայանում։ Առաջին չորսի սարքերը բերվել են երկիր և հավաքվել Լարիսայում, մնացած չորսը հասել են պատրաստի վիճակում։
«Հունաստանի զինված ուժերն արդեն բանակցություններ են սկսել իրենց համար երեք այդպիսի անօդաչու թռչող սարքեր գնելու շուրջ»,-գրում է թերթը։

Հոդվածում ասվում է, որ MQ-9 Reaper-ն ունակ է աշխատել շատ ավելի երկար, քան կարող է թռիչքի ժամանակ լինել թուրքական Bayraktar TB2-ը։ Ամերիկյան անօդաչու սարքերը հրթիռներ չեն կրում, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են համալրվել «օդ-գետն» և «օդ-օդ» հրթիռներով։

ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը ունակ են հետևել «թշնամուն», առցանց ռեժիմով պատկերներ փոխանցել օպերատիվ կենտրոններին, հավաքել տվյալներ, ինչպես նաև մասնակցել որոնողափրկարարական գործողություններին:

ԱՄՆ-ը 33,5 միլիոն դոլար է ներդրել Լարիսայում գտնվող ավիաբազայում, որպեսզի այն հնարավոր լինի տեղակայել տեխնոլոգիապես առաջադեմ հարթակներ և MQ-9 Reaper անօդաչու սարքեր: