Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Ո՞ւմ է ՊՆ համակարգ բերում Պապիկյանը և սպայական կոչումներ տալիս

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ տեղեկություններով, շաբաթներ առաջ Դիլիջան գնալիս ճանապարհին տհաճ իրավիճակում է հայտնվել, բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին: Վերջինիս ցուցումով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր և կալանավորել տղային։ Նախարարն ավելի ուշ պարզել է, որ տղայի հայրը ՊՆ գնդապետ է, մարտական ուղի անցած, նախկինում Քելբաջարի զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը։ Նրա վերաբերյալ անմիջապես զորացրման հրաման է արձակել և ազատել պահեստազորից ու նրա փոխարեն նշանակել գնդապետ Վիգեն Սիմոնյանին, որը Ջերմուկի մայիսյան դեպքերի ժամանակ իր կաբինետից անգամ դուրս չի եկել, անգամ երբ Սիմոնյանի ենթակայությամբ զորամասի զինվորներին ադրբեջանցիները ճիպոտներով ծեծել են: Փոխարենը նա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի:

Նախարարության մեր աղբյուրներն ասում են` Պապիկյանը ՊՆ համակարգ է բերում և սպայական կոչումներ շնորհում անգամ նրանց, ովքեր ժամանակին իր՝ պատմության կրկնուսույց ուսուցչի մոտ պարապած դիմորդներն են եղել և շատ հեռու են բանակից ու զինծառայությունից: Նրանցից ոմանք նաև զինվորական կոչումներ են ստանում: Նրանցից մեկն էլ գնդապետ Արմեն Սեյրանյանի որդին է:

Ի դեպ, Սեյրանյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի 2021 թվականի պահանջագիրը ստորագրողներից էր, բայց քանի որ նրա որդին ժամանակին պարապել էր Սուրեն Պապիկյանի մոտ, նրան ներեցին այդ ստորագրությունը:

Փորձեցինք ՊՆ խոսնակից այս փաստական տվյալների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ, մասնավորապես հարցրեցինք՝ Հրայր Աթոյանը կոնկրետ երբ և ինչ պատճառով է ազատվել ծառայությունից, խոսնակը խոստացավ պատասխանել: Սակայն ավելի ուշ պահանջեց գրավոր ներկայացնել հարցերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։