«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթացել հայ-ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների միջև։
Ըստ մեր աղբյուրի՝ Սյունիքում է եղել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Փորձել են ադրբեջանցիներին համոզել՝ փոքր-ինչ նահանջել նախորդ օրը գրաված դիրքերից՝ առնվազն մինչև Բարեկամության արձանի հատվածը, որի շուրջը, ըստ տեղեկությունների, նախնական պայմանավորվածություններ են եղել։
Սակայն բանակցություններն անպտուղ են եղել, և ադրբեջանական զինուժը շարունակում է խրամատավորվել Տեղ համայնքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այգիներում։ Առհասարակ, ադրբեջանցիները, ի տարբերություն հայերի, երբեք կամովին չեն հրաժարվել իրենց ձեռքբերումներից։
Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ երեկ անգամ ձեռնամարտ է եղել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, չնայած 2020 թվականից հետո Տեղ համայնքի տարածքում հայ դիրքապահներ չեն տեղակայվել, և ընդամենը մեկ կամ երկու ռուսական խաղաղապահների հենակետ է այստեղ եղել։ Այդուհանդերձ, նախօրեից ՊՆ-ն ուշացած քայլեր է ձեռնարկել՝ տասնյակ զինվորներ է տեղակայել այդ հատվածում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում