Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ է քննարկվելու Ժնեւի հոկտեմբերի 2-ի հանդիպմանը

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին կմասնակցեն ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով ավագ բանակցող Ֆիլիպ Ռիքերը և Եվրամիության ներկայացուցիչը։ Այս մասին The Washington Post-ին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։

Այն, որ նախարարների հանդիպումը պետք է կայանար մինչև սեպտեմբերի վերջ, հայտարարվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպմանը։ Հանդիպումը նշանակվեց հոկտեմբերի 2-ին։

Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը և Արարատ Միրզոյանը իրար հերթ չտալով խոսում էին միջազգային դիտորդների մասին։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պաշտպանեցին այս գաղափարը։ Ռուսաստանը նման առաջարկն անվանել է «երեւակայական», Լավրովն ասել է, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման հարցը, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասին հաջողվել է դա քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ։

Մոսկվան և Բաքուն կտրականապես դեմ են միջազգային դիտորդական առաքելությանը, և հնարավոր է, որ Բաքուն հրաժարվեր նման օրակարգով հանդիպել մինչև ամսվա վերջ։

Բացի այդ, ԱՄՆ-ը և Ֆրանսիան (և Իրանը) պնդեցին Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը՝ դրանով իսկ բացառելով արտատարածքային միջանցքների գաղափարը։ Սակայն ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի «ինքնիշխանությունը» նշանակում է ռուսական վերահսկողություն բացվող ճանապարհների նկատմամբ։

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Ժնեւում հանդիպումից առաջ նման էր հավաստիացումների Պուտինին և Ալիևին, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ դիտորդներին տեղակայել սահմանին և բացել ճանապարհները ՌԴ ԱԴԾ «ինքնիշխան» հայկական վերահսկողության ներքո։

Այդ պարագային, ի՞նչ է քննարկվելու հոկտեմբերի 2-ի հանդիպմանը։