Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ մականուն ունի Անիի նորընտիր համայնքապետը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում տեղական իշխանությունը նախկին ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի ձեռքից անցավ ՔՊ-ին։ Արտակ Գևորգյանը կառավարեց 18 տարի՝ սկզբում լինելով Մարալիկի քաղաքապետ, համայնքների խոշորացումից հետո էլ՝ Անիի համայնքապետ։

Այս անգամ իշխանության գլուխ անցավ «ՀայՓոստի» նախկին աշխատակից Արման Սարիբեկյանը, որը հայտնի է «Ժբո» մականվամբ։

Անեցիների ասելով, այս անունը նրան կնքել են իր շրջապատի մարդիկ։ «Ժբո» ասելով՝ նկատի են ունեցել նրա ժպտերես լինելը, և եթե նկատի ունենանք Շիրակի բարբառին հատուկ հնչյունաբանությունը, ապա զարմանալի չէ, որ «Ժպոյի» փոխարեն հնչի «Ժբո»։ Նրա մականունը տարածված է նաև Անիի գյուղերում։

Նորընտիր համայնքապետը ծննդով Աղինից է, նրա եղբայրը՝ Նիկոլայ Սարիբեկյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։

Արման Սարիբեկյանը ընտրվելուն ու հաղթանակ տոնելուն պես՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ անեցիներ, շնորհակալ եմ ձեր վստահության քվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տալու համար։

Յուրաքանչյուրիդ քվեն պարտավորեցնող է, և վստահ եմ, որ մոտ ապագայում Անին դարձնելու ենք ավելի բարեկեցիկ, ավելի բարեկարգ, ավելի լուսավոր։ Ազնիվ և բարեխիղճ ծառայելու եմ մեր սիրելի համայնքին»։

Նշենք, որ Անիի ավագանու կազմում կընդգրկվեն ընտրություններին մասնակցած չորս քաղաքական ուժերն էլ։

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 5180 քվե, այսինքն՝ 2046 ձայնով առաջ է անցել Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած ուժից՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքից, որը ստացել է 3134 քվե։

Ընտրություններին մասնակցող երկու նորաստեղծ կուսակցությունները՝ Ագուն Սաղաթելյանի գլխավորած «Հայկական երազանքը» և Արմենակ Նաջարյանի ստեղծած «Իմ հզոր համայնքը» ստացել են անհամեմատ քիչ ձայներ։ Առաջինը՝ 795 քվե, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 քվե։

Նախնական հաշվարկներով՝ ՔՊ-ն կստանա 11 մանդատ, Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը 6 կամ 7 մանդատ, Ագուն Սաղաթելյանի և Արմենակ Նաջարյանի կուսակցությունները երկուական մանդատներ, գուցե և Արմենակ Նաջարյանն ունենա ընդամենը մեկ մանդատ։

ՔՊ-ն այս անգամ կկարողանա միանձնյա ղեկավարել Անին՝ իր 19 բնակավայրերով՝ առանց մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու, ասել է թե՝ ՔՊ-ն հարկադրված չի լինի պաշտոններ, ոլորտներ կիսելու գործընկերների հետ, ինչպես սովորաբար լինում է կոալիցիա կազմելիս։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ