Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իլիական»-ը՝ Գոհար Մուրադյանի ու Արամ Թոփչյանի թարգմանությամբ. «Հանդուգն ձեռնարկ»

Մաշտոցյան Մատենադարանում կայացավ Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի բնագրային թարգմանության շնորհանդեսը։

Հին հունարենից գիրքը հայերեն թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։ Մինչ այս եղել է արևելահայերեն երկու թարգմանություն՝ Համազասպ Համբարձումյանի (1955 թ.) և Մկրտիչ Խերանյանի (1987 թ.), վերջինը՝ գրաբարից ու ռուսերենից։ 

Շնորհանդեսին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ սա ուղղակի թարգմանություն չէ, այլ գիտական լուրջ հետազոտություն են իրականացրել Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։

«Թարգմանական մի նոր ալիք ենք տեսնում, մի նոր վերելք, առանձին մի ինստիտուտ են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը»,- նշեց նա։ 

Գիրքը թարգմանվել է մոտ քսան ամսում։  Շնորհանդեսին ներկա Արամ Թոփչյանն իր խոսքի սկզբում նախ մի գաղտնիք բացեց՝ ասելով, որ Գոհար Մուրադյանին ինքն է ներքաշել թարգմանական գործունեության մեջ. «Եթե ներքաշած չլինեի, երևի ինքն այս գործերը չէր թարգամանի, ես էլ այս ծավալի աշխատանք հաստատ միայնակ չէի կարող կատարել»։

Խոսելով Հոմերոսի «Իլիականի» և «Ոդիսականի» մասին, Ա. Թոփչյանն ասաց. «Թեև Հոմերոսը ներկայացնում է առասպելական մի աշխարհ, որտեղ հանդես են գալիս աստվածներ, դյուցազուններ, սակայն նրանց զանազան հարաբերությունների միջոցով նա այնքան դիպուկ կերպով ու ճշմարտացիորեն է  բացահատել մարդկային էությունն իր մութ ու լուսավոր կողմերով, որ հետագա դարերում և հիմա էլ մարդիկ նրա երկերում  ճանաչել ու ճանաչում են իրենք իրենց։

«Իլիականը», «Ոդիսկանը»  լի են չափազանց էմոցիոնալ դրվագներով, որոնք դժվար է  կարդալ առանց հուզմունքի։ 

Հոմերոսի պոեմներն ի սկզբանե համարվել են իմաստության  գանձարաններ և դրանցից  մեջբերումներ են արել  մեծագույն մտածողները՝ սկսած Պլատոնից ու Արիստոտելից։

Այս երկերի հետ առնչվող ոչ անտարբեր ընթերցողը շարունակ զանազան մտքեր ու մտորումներ է ունենում, այսինքն դրանք, անշուշտ, ստիպում են մեզ մտածել։ 

«Իլիականը», «Ոդիսականը» հայտնի են բանաստեղծական  գեղեցկությամբ, բազմազան ու  առատ, բայց միաժամանակ տեղին ու ճաշակավոր մակդիրների կիրառությամբ, հոյակապ համեմատություններով, փոխաբերություններով, ազդեցիկ պատկերներով։

Առհասարակ, գեղագիտական  տեսանկյունից համարվում են անզուգական, չնայած այն հանգամանքին, որ  իրականության և թեմայի պարտադրանքով  պարունակում են նաև դաժան ու  արյունալի տեսարաններ։

Իսկ այս ամենին գումարվում է Հոմերոսի մոգական ուժը, որը բառերով հնարավոր չէ բացատրել։

Հոմերոսը հմուտ պատմող է, լավ գիտի ինչպես լարվածություն մտցնել գործողության մեջ և դեպքերի զանազան շրջադարձերով, ինտրիգներով այն հետաքրքիր դարձնել, հորինել է հումորային դրվագներ»։

Գոհար Մուրադյանի խոսքով, Հոմերոսի պոեմներում դեպքերը նկարագրվում են բանաստեղծական անկրկնելի գեղեցկությամբ։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը  փառահեղ այս զույգի գործունեությունը «հանդուգն» բառով ձևակերպեց։ Պարզաբանեց. «Մոտ 1700 տարվա թարգմանական ավանդույթներ ունի մեր ժողովուրդը, այս դարերի ընթացքում բազմաթիվ փառահեղ թարգմանիչներ ենք ունեցել։ Բայց շատ քիչ կհանդիպենք թարգմանիչների, որոնց  գործունեությունը կարելի է բնութագրել իբրև հանդգնություն։ Խոսքն այն մասին է, երբ սովորաբար լինում է որևէ ստեղծագործության թարգմանություն և շատ  հանրահայտ, բավարարվում ենք այդ մեկ թարգմանության  գոյությամբ, տարիների ընթացքում կամ դա ենք կատարելագործում, կամ վերամշակում ենք, վերախմբագրում, շատ քիչ է դեպքերը, երբ որևէ հանրահայտ գործի նույնքան հանրահայտ թարգմանություն ենթարվում է, այսպես ասած, նոր թարգմանության։

Արամ Թափչյանի և Գոհար Մուրադյանի գործունեությունը, բացի նրանից, որ մեզ առաջին անգամ հրամցնում են գործեր, որոնք երբևէ հայերեն չեն եղել, գործունեության մյուս որակը ոչ այնքան հայտնի թարգմանությունները, որոնք կարևոր են մեր օրերի համար, կրկին թարգմանել ու դրանց տալ նոր կյանք, արժանի տեղ հատկացնել մեր մշակույթի  պատմության մեջ, և ահա հանդուգն ձեռնարկը՝ անել այնպիսի գործերի թարգմանություններ, որոնք շատ հանրահայտ են»։

Գրականագետն ասաց, որ «Իլիականի» հայերեն թարգմանության դեպքում հերթական անգամ համոզվում ենք, թե ինչքան ճոխ, գեղեցիկ, մեծ հնարավորությունների տեր լեզու է մեր հայոց լեզուն

Գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Էդոյան Էդոյանը ցանկանում է, որ հայ ընթերողն անպայման կարդա «Իլիականը»։ 

«Հոմերոսից անցել է 3000 տարի։ Ինչքան բան է փոխվել, կատարվել այս ընթացքում։ Հոմերոսն ավելի ակտուալ է, քան այն, ինչ մեզ թվում է, թե ակտուալ է։ Հոմերոսը մեր ժամանակակիցն է»։