Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչի հաշվին է աճել ՀՀ-ից արտահանումը․ աշխարհը նրբանկատ է մոտենում հարցին՝ չվնասել Հայաստանին

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1 տոկոսով, իսկ արտահանման ծավալը՝ 96․4 տոկոսով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվությունը փաստում է, որ դեռևս նախորդ տարվա աշնանից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն էապես աճել են, մասնագետները պնդում են, որ աճը հիմնականում վերաարտահանման հաշվին է եղել։ Մասնավորապես, 2022-ին 2021-ի համեմատ 12.3 անգամ աճել են Հայաստանից մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանման ծավալները։

2022 թվականին 2021-ի համեմատ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 91.7 տոկոսով, այդ թվում՝ արտահանման ծավալները դեպի ՌԴ աճել են 3 անգամ։ Այն, որ Հայաստանը վերաարտահանում է իրականացնում, ասել էր նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հայաստանից արտահանումը նախորդ տարի աճել է 77.7 տոկոսով, և Քերոբյանի խոսքով՝ այդ թվում վերաարտահանումը զգալի մաս է կազմել:

Օրերս ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները հայտարարել էին, որ որոշ դերակատարներ շարունակում են խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով խուսափել արտահանման վերահսկողությունից, այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ: Ամերիկյան կողմը նշել էր, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքները անօրինական կերպով հասցնելու համար։ Վահան Քերոբյանն ի պատասխան ասել էր, որ Հայաստանից ՌԴ արտահանվում են ոչ սանկցիոն ապրանքներ։

Ինչի՞ հաշվին  է աճել Հայաստանից արտահանումը, եթե արդյունաբերությունն աճել է ընդամենը 1 տոկոսով։ Այս հարցին Lragir.am-ի հետ զրույցում անդրադառնում է ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանը։

«Ընդհանուր առմամբ, մեր տնտեսության զարգացման համար տնտեսությունում պետք են էական կառուցվածքային փոփոխություններ։ Այս թվերն ակնհայտ խոսում են հենց այն խնդրի մասին, որ մենք ունենք արտահանման աճ, բայց չունենք արտադրության աճ։ Ընդ որում, չունենք արտադրության արդյունավետության բարձրացում։ Ինչքան էլ մեր տնտեսության կառուցվածքից ելնելով՝ հիմնվենք առևտրի և ծառայությունների վրա, որը մեր ՀՆԱ-ում 50 և ավելի տոկոս մասնաբաժին է կազմում, բայց եթե ուզում ենք ապագայում գոնե մոտ լինել զարգացած երկրներին, ապա պետք է պետության աջակցության շնորհիվ էական փոփոխություններ իրականացվեն՝ արդյունաբերության զարգացման մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում մեծացնելու ուղղությամբ։ Եթե այդ ուղղությամբ աշխատանքները չխորացնենք, ապա մի օր, կախված համաշխարհային տնտեսության իրավիճակից, կարող ենք ունենալ արտահանման աճ, բայց չունենալ արդյունաբերության աճ կամ ՀՆԱ-ում այդ ճյուղի մասնաբաժնի ավելացում»,- ասում է մասնագետը։

Հայկ Մնացականյանի խոսքով՝ արտահանման հարցում ԱՊՀ երկրների թվում ՀՀ հիմնական գործընկերը Ռուսաստանն է։ «Ռուսաստանը հիմնականում շրջվել է դեպի այն երկրներ, որոնց հետ առևտրաշրջանառության սահմանափակում չկա։ Այսպես թե այնպես, իրավիճակից ելնելով մեր արտահանումը դեպի Ռուսաստան մեծացել է, դա կանխատեսելի էր։ Բայց իրավիճակը ժամանակի ընթացքում կարող է փոխվել, հետևաբար, մենք պետք է ունենանք այնպիսի մրցունակ տնտեսություն, որ մեր կարողություններն ունենանք։ Ընդ որում, մեր հիմնական գործընկերների թվում է նաև Եվրամիությունը, որտեղ Հայաստանից հիմնականում հանքարդյունաբերական արտադրանք է արտահանվում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, որ Հայաստանը Ռուսաստանին աջակցելու համար կարող է հայտնվել պատժամիջոցների սպառնալիքի տակ, Հայկ Մնացականյանը պատասխանեց, որ իրականում այդ խնդիրը կա։ «Չպետք է այդ խնդրի քննարկումից խուսափել։ Թերևս այս փուլում համաշխարհային տնտեսության հիմնական խնդիրը ոչ թե Հայաստանի վրա, այլ Ռուսաստանի վրա ներգործելն է։ Եվ ներկա փուլում բոլորն էլ գիտեն, որ և արտահանման, և ներմուծման գծով Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը Ռուսաստանն է։ Ես հասկանում եմ, որ աշխարհը շատ նրբանկատ է մոտենում հարցին՝ չվնասել Հայաստանի Հանրապետությանը։ Բայց միաժամանակ պետք է շատ զգույշ լինել, կառավարման արդյունքում խելացի գործել, այն սահմանը չանցնել, որի դեպքում այդ խնդիրները կարող են առաջանալ նաև մեր տնտեսության համար»,- հավելեց նա։