Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչ սահմաններում էր Ազգերի լիգան ճանաչել Հայաստանը, եւ ինչ քարտեզ էր ներկայացվել 1919-20 թթ․

Ի պատասխան Բաքվի կողմից բանակցությունների համար առաջ բերվող քարտեզների՝ գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանն առաջարկում է, որ հայկական կողմը բանակցությունների սեղանին դնի 1919 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության Հայոց խորհրդարանի կողմից ընդունված քարտեզը։ Դա արևմտահայերի 2-րդ համագումարի միասնական որոշումն է, որը հետագայում նաև ստացավ Հայաստանի Առաջին Հանրապետության Հայոց խորհրդարանի որոշում-ծրագրի տեսք։

Lragir.am-ի հետ զրույցում Շահեն Շահինյանն անդրադարձավ այն տեղեկությանը, թե Բաքուն առաջ է քաշում հարցը, որ Հայաստանի հետ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն 1919-1920 թվականների քարտեզների հիման վրա։

«1919-1920 թվականների պաշտոնական քարտեզ գոյություն չունի, գոյություն ունի ադրբեջանական կեղծ քարտեզ, որը ոչ մի կողմից հաստատված չէ, միջազգային ոչ մի կառույց կամ պետություն չի ճանաչել։ Այսինքն՝ դա չի կարող լինել սահմանազատման հիմք, իրավական փաստաթուղթ չէ։ Բաքուն նկատի ունի այն քարտեզը, որը նախորդ տարվա ընթացքում հրապարակվում էր համացանցում և որը հայտնաբերվում էր իրենց զինվորների գրպաններում։ Դա զավթողական մեծ նկրտումների ցուցիչ է, ըստ որի՝ Հայաստանի մի քանի մարզ ամբողջությամբ և մի քանի մարզ մասամբ պետք է փոխանցվեն Ադրբեջանին։ Ընդ որում, այդ քարտեզով Ադրբեջանը նաև ներկայիս Թուրքիայի տարածքի նկատմամբ նկրտումներ ունի՝ Կարսի մարզի և Արդահանի։ Դա իրավական հիմք չէ, Ադրբեջանի կողմից ստեղծված կեղծ քարտեզ է։ Այդ նույն տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է բանակցությունների սեղանին դնել մեր թվարկությունից առաջ 1-ին դարի Հայաստանի քարտեզը»,- ասաց Շահեն Շահինյանը։

Ըստ նրա՝ նման մի քարտեզ Բաքուն ժամանակին ներկայացրել է Ազգերի լիգա, և այն չի ճանաչվել ոչ Ազգերի լիգայի, ոչ այլ պետությունների կողմից։ Դա Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության նկրտումն էր, որն այդպես էլ չիրականացավ։

«Եվ հիմա ուժի պարտադրանքով փորձում են դա իրականացնել։ Հայաստանը Ազգերի լիգա էր ներկայացրել իր քարտեզը, Ազգերի լիգան ընդունել էր ի գիտություն՝ նշելով որոշ տարածքներ, որոնք վիճելի են։ Այսինքն՝ կային տարածքներ, որոնք համարվում էին բացարձակապես ՀՀ սուվերեն տարածք, դա ներկայիս Հայաստանի տարածքն էր, գումարած Նախիջևանը, Կարսի մարզը։ Դրան ավելանում էին որոշ վիճելի տարածքներ՝ Լեռնային և Դաշտային Արցախի տարածքները, ընդ որում՝ ներկայիս Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններն ամբողջությամբ հայկական էին ճանաչված, այսինքն՝ վիճելի չէին։ Այսինքն՝ այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանը համարում է բացարձակ իր սեփականությունը, դրանք վիճելի էին, իսկ դրանցից որոշ տարածքներ Հայաստանի բացարձակ սուվերեն տարածք էին ճանաչված»,- ասաց մասնագետը։