Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իրենք հայտնվում էին այն ժամանակ, երբ իրենց կարիքը զգում էինք եւ օգնում էին նրանում, ինչ մեզ պետք էր»․ ԿԽՄԿ-ն աջակցում է Գորիսի դիահերձարանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սյունիքի մարզի Գորիսի դիահերձարանը տեխնիկական եւ մասնագիտական աջակցություն է ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։ Մարզի գլխավոր դատական բժիշկ, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բաժնի վարիչ Հունան Գալստյանը Սյունիքի մարզ այցելած լրագրողներին ծանոթացրեց վերջին շրջանում կատարված աշխատանքներին։ Դիահերձարանը սպասարկում է Գորիս եւ Սիսիան քաղաքները՝ իրենց գյուղերով։ Այն նախկինում գործել է Գորիսի բժշկական կենտրոնի կազմում, վերջին մեկ տարվա ընթացքում գործում է առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազայի վրա։ Դիահերձարանում այս փուլում կատարվում են շինարարական եւ կոսմետիկ աշխատանքներ։ Հունան Գալստյանի խոսքով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությունը սկսել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, շարունակվել է հետպատերազմյան շրջանում եւ մինչ այսօր։

«Համագործակցությունն օրեցօր խորանում է եւ ընդլայնվում։ Պատերազմի օրերից սկսած թե մասնագիտական, թե բարոյահոգեբանական առումով իրենց աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է եղել։ Հենց պատերազմի օրերին համապատասխան պարագաներ, դիապարկեր են հատկացրել Գորիսի դիահերձարանին։ Պատերազմի վերջին օրերին ԿԽՄԿ կողմից կահավորված դիերի պահման սառնարան է հատկացվել դիահերձարանին։ Սառնարանից հետո նաեւ գեներատոր է հատկացվել»,- ասաց նա։ Շենքը, որտեղ տեղակայված է Գորիսի դիահերձարանը, մոտ 10 տարի առաջ է կառուցվել։ Հունան Գալստյանի խոսքով՝ ջրահեռացման, օդափոխության, լուսավորության հարցեր էին առաջացել, ԿԽՄԿ աջակցությամբ այդ խնդիրները լուծվել են։

«Շատ խոշոր ու փոքր թերություններ վերացվեցին, որպեսզի հետագայում մեր աշխատանքն ավելի որակյալ ստացվի։ Իրենք մեզ շատ օգնեցին, մեծ փորձառություն ունեին՝ հաշվի առնելով տարբեր պետություններում իրենց աշխատանքային փորձը։ Այսինքն՝ երբ Կարմիր խաչը մեզ մի բան էր առաջարկում, ասում էր՝ բերենք սառնարան դնենք, մենք ասում էինք՝ դրա պահանջարկն ունենք, թե՞ չունենք, բայց իրենք բերում տեղակայում էին։ Եվ հետագա ամիսների ընթացքում մենք զգում էինք, որ դա իրոք մեզ անհրաժեշտ էր։ Գուցե մենք դրա կարիքն այդքան չէինք զգում կամ չէինք մտածում, որ դա մեր գործին այդքան պիտանի է։ Իրենք հայտնվում էին այն ժամանակ, երբ մենք իրենց կարիքը զգում էինք եւ օգնում էին նրանում, ինչ մեզ պետք էր՝ մեր աշխատանքն ավելի որակյալ դարձնելու համար։ Այսինքն՝ հայտնվում են ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում»,- հավելեց Հունան Գալստյանը։

Գորիսի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը յուրաքանչյուր ամիս կատարում է մոտ 30 մահացած անձանց դատաբժշկական փորձաքննություն եւ 30-40 կենդանի անձանց է փորձաքննության ենթարկում։ Վերջին 10 տարիների կտրվածքով այս թվերը գրեթե նույնն են, ըստ մասնագետի, աճ չկա։ Ասում է՝ կենտրոնը միջին ծանրաբեռնվածությամբ է աշխատում, իսկ 44-օրյա պատերազմի օրերին այստեղ գերբեռնված են աշխատել։ Թե ինչ աշխատանք են իրականացրել պատերազմի օրերին, մասնագետը շատ մանրամասներ չի հայտնում, նշելով, որ իրավական գործընթաց է գնում, չի կարող փակագծեր բացել։ « Պատերազմի օրերին հավելյալ աշխատուժ ներգրավելու կարիք է եղել։ Լինելով Արցախին մոտ՝ պատերազմի օրերին մարմինների մեծ մասը տեղափոխվել են մեզ մոտ՝ Գորիս։ Այնուհետեւ բաժանվել են ամբողջ ՀՀ դիահերձարաններով, եւ կատարվել է փորձաքննություն»,- ասաց նա։

ԿՄԽԿ հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասում է, որ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ կարիքների գնահատում է իրականցվել, ԿԽՄԿ-ն համագործակցել է դատաբժշկական կառույցների հետ։ Ըստ նրա՝ բացի նրանից, որ շատ կարեւոր է ամրապնդել այն բոլոր ծառայությունների կարողությունները, որոնք կապված են մարդկային աճյունների պահպանման, նրանց արժանապատիվ փոխանցման հետ, կարեւոր են նաեւ նույնականացման հարցերը, որոնք միջազգային իրավունքի մաս են կազմում։ «Գորիսի դիահերձարանն առաջին հերթին սահմանամերձ գոտի սպասարկող կառույց է, եւ ցանկացած արտակարգ իրավիճակների ժամանակ, ոչ պարտադիր պատերազմական գործողությունների, մենք այս հարցին կարեւորություն ենք տալիս։ Փորձում ենք եւ այդ կառույցների տեխնիկական կարողությունները բարձրացնել, եւ աջակցել փորձի պակասը լրացնելու հարցում։ Ոչ միայն Գորիսում, նաեւ Կապանի դատաբժշկական ծառայության հետ ենք այս աշխատանքներն իրականացնում, նաեւ Երեւանի։ Մենք աշխատում ենք նաեւ ԴՆԹ լաբորատորիայի հետ։ Շատ կարեւոր է ոչ թե զբաղվել դրանով հիմա, այլեւ փորձել օգնել՝ հետագայում կանխելու նույնականացման հետ կապված խնդիրները։ Գիտելիքի, սարքավորումների առկայության պայմաններում անհետ կորած մարդկանց թիվը պակասեցնում ենք»,- ասաց Ամատունին։

Նրա խոսքով՝ սա ԿԽՄԿ-ի համար թիրախային ուղղություն է, հետեւաբար, աշխատանքներն այս ուղղությամբ շարունակական են լինելու։ «Սա մեր այս եւ առաջիկա տարիների ուղղություններից մեկն է»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ