Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխանության եւ ընդդիմության միջեւ անհամաձայնությունների շեմը կտրուկ նվազել է․ «Հայացք Երևանից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Դատելով խորհրդարանական ընդդիմության վերջին կես տարվա գործունեությունից կամ, ավելի ճիշտ, գործունեության բացակայությունից, կարելի է հիմնավորապես արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ու դրանց սատարող խմբերի, ապրում է իր քաղաքական կենսագրության ոչ լավագույն ժամանակները: Գոյութենական առումով Հայաստանի ու Արցախի համար ամենավճռորոշ, չափազանց պատասխանատու այս հանգրվանում ընդդիմությունը, փաստացի, քաշվել է մի կողմ, դադարեցրել հրապարակային խոսույթը եւ որպես իշխանության հակակշիռ հանդես գալու իր երբեմնի առաքելությունը:

Չես ասի, թե ավելի վաղ շրջանում ընդդիմադիրներն աստղեր էին վար բերում երկնքից, բայց գոնե որոշակի զգոնության ու աչալրջության վիճակում էին պահում իշխանությանը, ինչի կարիքն այս օրերին նույնպես շատ է զգացվում՝ զսպող ուժի կարիքը, որպեսզի անխոհեմ քայլ անելուց առաջ իշխանությունը, ինչպես ասում են՝ «յոթ չափի, մեկ կտրի»: Ցավոք սրտի, ընդդիմադիր դաշտում այժմ դալուկ ամայություն է, եւ այդ ամայության միջից երբեմն հնչող քննադատական խոսքը, բնականաբար, նպատակին չի հասնում: Բացի դրանից, ԱԺ ընդդիմությունը վերջին ամիսներին անարդյունավետ մի աշխատաոճ է որդեգրել՝ որոշակի քննարկումների ժամանակ լքում է դահլիճը:

Անհասկանալի է նման բոյկոտների տրամաբանությունը: Ոչ վաղ անցյալում ամեն ինչ պարզ էր. քաղաքական փոքրամասնությունը՝ չունենալով ԱԺ-ում սեփական, իր կարծիքով, ավելի հրատապ օրակարգը քննարկման ներկայացնելու, անգամ ընդունվող որոշումների վրա ազդելու հնարավորություն, նպատակահարմար էր գտնում պայքարի ամբիոնը խորհրդարանի դահլիճից տեղափոխել հրապարակային հարթակներ՝ երկրի առանցքային խնդիրների քննարկումներին հանրային լայն մասնակցություն ապահովելու համար: Մանավանդ որ, ընդդիմության հիմնական օրակարգը գործող վարչապետի եւ նրա կառավարության հրաժարականի պահանջն էր, ինչի իրականացումը ՔՊ-ական ԱԺ-ում անհնար է:

Այժմ նման պահանջի մասին խորհրդարանական ընդդիմությունը գրեթե չի խոսում, գուցե ներքուստ դեռ նեղացած է, որ «Դիմադրություն» շարժման ամենաբուռն շրջանում՝ 2022թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին, կրիտիկական զանգված չէր հավաքվում՝ թեեւ վեց ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ 40-50 հազարի չափ մարդ էր դուրս եկել փողոց՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնի՛ր, Լաո» եւ այլ կարգախոսներով: Այդ թիվն ընդդիմությունը, ըստ երեւույթին, բավարար չէր համարել գործնական քայլերի դիմելու համար: Իսկ ավելի մարդաշատ հանրահավաքներ դժվար էր ձեռնարկել, քանի որ իշխանություններն ամեն անգամ ցուցարարների դեմ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին հանում, որոնք ժողովրդի նկատմամբ աննախադեպ դաժան բռնություններ էին կիրառում:

Եթե փողոցային պայքարի այդ օրերին ընդդիմության գործողությունները՝ հատկապես ԱԺ նիստերի տեւական բոյկոտները, հասկանալի էին, ապա այժմ դրանց իմաստը մշուշոտ է: Ըստ Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի, խորհրդարանական ընդդիմության՝ նիստերի դահլիճը լքելու գործողությունը «ընտրողական» բնույթ է կրում՝ հիմնականում այն տեղի է ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի, ինչպես եւ քաղաքական հնչեղություն ունեցող խնդիրների քննարկման օրերին, ինչը, նրա հաշվարկով, կազմում է ԱԺ աշխատաժամանակի ընդամենը 10-15%-ը: «Այսինքն՝ աշխատաժամանակի 85-90%-ն ընթանում է իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսի պայմաններում»,- այս փաստը տարօրինակ է համարում քաղաքական գործիչը:

Իսկ դա, Հեքիմյանի փոխանցմամբ, տարօրինակ է այնքանով, որքանով վկայում է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ անհամաձայնությունների շեմը կտրուկ նվազել է՝ հասնելով 10-15%-ի: Սա իր հերթին նշանակում է, որ քաղաքական երկու ներհակ ուժերի դիրքորոշումներն ընդհուպ միմյանց մոտեցնող գործոնները մեծապես գերազանցում են տարանջատող գործոնների թիվը: Նման իրադրությունում մի տեսակ հիմնազուրկ ու անիմաստ են դառնում ԱԺ-ում սեփական օրակարգն անտեսված լինելու վերաբերյալ ընդդիմության դժգոհությունները, հետեւաբար եւ վերջինիս կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու ակցիաները:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում