Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իշխանությունների կողմից առաջ տարվող այն թեզերը, թե՝ «թույլ ենք», վնասում են մեր պետությանը». «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վիտալի Մանգասարյանը Ադրբեջանի հերթական առաջխաղացումը Հայաստանի իշխանությունների անգործության ու անլուրջ վերաբերմունքի հետևանքն է համարում:

Անդրադառնալով թե՛ վերջին օրերի, թե՛ նախորդող առաջխաղացումներին, սադրանքներին նաև Արցախի ուղղությամբ, Վ. Մանգասարյանը նշեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը կարողանում է մարսել փոքր, լոկալ քայլերն ու առաջխաղացումները, և գնալով ախորժակն էլ ավելի է բացվում: «Հիշենք Փառուխի դեպքերը, դրանից առաջ Խծաբերդի հետ կապված միջադեպերը, դրանից հետո ՀՀ-ի դեմ կատարված սադրանքները, որոնց հետևանքով որոշակի բարենպաստ դիրքեր զբաղեցրին: Այսինքն, կամաց-կամաց փորձում են այդ օղակը սեղմել, հնարավորինս վերահսկելի դարձնել ռազմավարական ենթակառուցվածքները, մեր ճանապարհները, մեր թիկունքային ապահովման հետ կապված հարցերը:

Քայլ առ քայլ տեղավորվում են՝ փորձելով պատրաստվել հաջորդ նմանօրինակ քայլին: Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու և քայլ առ քայլ փորձելու է իր առջև դրված խնդիրը լուծել, այսինքն՝ ռազմի դաշտում օղակը սեղմելուց ու մեզ ավելի վերահսկելի դարձնելուց հետո այդ ամենն օգտագործել նաև դիվանագիտական ճակատում՝ փորձելով հանդես գալ թելադրողի դիրքերից: Վերջնարդյունքում ավելի մեծ խնդրի լուծում են ուզում ստանալ. առաջինն Արցախը հայաթափելն է, ընդհանուր վերահսկողություն սահմանելն Արցախից մնացած մեր հատվածում, հետո վերջնականապես կազմաքանդել ՊԲ-ն, ՀՀ-ի նկատմամբ տարբեր ռազմավարական բարձունքներ զբաղեցնել ու փորձել այս ամենը վերահսկելի դարձնել:

Այս խնդիրները լուծելուց հետո իրենց վերջնական նպատակին են ուզում հասնել՝ Ադրբեջանի կողմից տարբեր առիթներով հայտարարվող «Զանգեզուրի միջանցքին»: Մեծ հաշվով, հռետորաբանությանը հետևելով՝ կարող ենք ասել, որ իրենց վերջնանպատակը մեր տարածաշրջանից հայերին դուրս շպրտելն է, Հայաստանի պետականության վրա խաչ քաշելը»,-շեշտեց Վ. Մանգասարյանը:

Նրա խոսքով, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել 44-օրյա պատերազմից հետո, մենք, այդուհանդերձ, որոշակի պոտենցիալ ունենք, որն արդյունավետ օգտագործելու պարագայում էլ ավելի բարենպաստ իրավիճակում կարող ենք հայտնվել: «Իշխանությունների կողմից առաջ տարվող այն թեզերը, թե՝ «թույլ ենք», «չենք կարողանալու թուրք-ադրբեջանական այս տանդեմի դեմ պայքարել» և այլն, պարզապես վնասում են մեր պետությանը»,-եզրափակեց Վ. Մանգասարյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։