Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխանություններն արտաքին ուժերի թելադրանքով են շարժվում, ազգը կիսելով՝ թուլացնում են

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախյան շարժման կազմակերպիչներից Գագիկ Ավանեսյանը

Պարոն Ավանեսյան, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը օրերս իր հարցազրույցում ասել է՝ հնարավոր չէր, որ Արցախը հենց այնպես միանար և դառնար Հայաստանի գավառներից մեկը, արցախցիները երբևէ չէին համաձայնի դառնալ պարզապես Հայաստանի մասը, ինչ-որ ռեգիոններից մեկը։ Ինչո՞ւ են այսօրինակ թեզեր դրվում շրջանառության մեջ այսօր։

Արցախյան առաջին պատերազմից հետո մենք Հադրութում արդեն տեսնում էինք, թե ինչ էր կատարվում։ Այն ժամանակ կատակով ասում էին՝ եթե Ղարաբաղը Հայաստանին միացման ժամանակը գա, մեր տեղական չինովնիկները բոլորը դեմ են լինելու, որովհետև իրենք այստեղ նախարար են, միանալու դեպքում վարչության պետ են դառնալու։ Մարդիկ իրենց նախարար են զգում՝ մի քանի տեղակալով, խորհրդականներով։ Եվ Ռուբեն Վարդանյանի ասածը դա չինովնիկների, բարձրաստիճան անձանց տեսակետն է ըստ երևույթին, որոնց հետ ինքը շփվում է և շփվում էր։ Ինչ վերաբերում է հանրությանը, այդպիսի տեսակետներ չկան, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի մի մասն ենք և պետք է շարունակենք այդպիսին մնալ։ Ղարաբաղյան շարժումը հենց այդ կարգախոսով է սկսվել՝ միացում Հայաստանի հետ։ Եվ այդ պահանջն այսօր էլ մնում է։ 1991 թվականին, երբ դրսից թեզ բերվեց, թե սկզբում անկախություն պետք է լինի, հետո միացում, դրանով մեզ խաբեցին ու հասցրեցին այս վիճակին։ Բայց փաստացի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախն ու Հայաստանն արդեն միացած էին։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք Հայաստանից ենք անկախացել, մեզ խաբել են, այդ թեզը գցել են ժողովրդի մեջ։

Մեր ժողովրդի կողմից ճիշտ չեն ընկալվել դրա նպատակները, դա էլ իր պատճառներն ունի։ «Կոլցո» օպերացիայից հետո մարդիկ այն վիճակում էին, որ իրոք չեն կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը։ Նույն գործընթանցն այսօր է արվում, փորձում են սահմանադրական փոփոխությունների անվան տակ իշխանություն զավթել՝ խաբելով, թե Ադրբեջանը մեզ թույլ չի տալու սահմանադրական փոփոխությունների փաթեթն անցկացնել, բայց եթե հանրաքվեով ընդամենը մեկ կետ լինի դրված, այն է՝ Ազգային ժողովին լայն լիազորություններ տալը, հանրաքվե կարող ենք անել։ Բայց գոնե լավ է, որ Արցախում շատ հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ միանգամից հասկացան, թե ինչ է կատարվում, և այդ հարցն օրակարգից հանվել է։ Իրականում շատ մեծ վտանգ կար դրանում, Ազգային ժողովում ներկայացված յուրաքանչյուր կուսակցություն ունի իր «պապան», և հանգիստ կարող են այդ մարդկանց թելադրել, իրենց ուզած որոշումներն ընդունել տալ։ Եվ կարող էին այնպիսի որոշումներ ընդունել, որ մեր գոյությունն անիմաստ դառնար։ Օրինակ՝ այսօր ինքնիշխան ենք, մեկ բառ փոխելով՝ կարող էին մեզ զրկել սուբյեկտայնությունից։

Դուք ի՞նչ վտանգ եք տեսնում Արցախն ու Հայաստանը տարանջատելու այս գործընթացում, ի՞նչ խնդիր են փորձում լուծել պաշտոնական Երեւանն ու Ստեանակերտը։

Եթե ուզում են ազգը թուլացնել, երկիրը քանդել, դա անում են պառակտման, բաժանման միջոցով։ Նույնը 1921 թվականին մեզ հետ արվել է, Ղարաբաղն ու  Նախիջևանն անջատել ու տվել են թուրքերին։ Երբ մենք միավորվել ենք, սկսել ենք հաջողություններ կերտել։ Միգուցե լրիվ ճիշտ ուղիով չենք գնացել, բայց դա անձերի պատճառով է եղել, միգուցե այդ անձերն օտար երկրների ազդեցության գործակալներ էին։ Դա շատ հնարավոր է, որովհետև երբ նայում ենք, թե ինչով էին զբաղվում, պետականություն չէին ուզում կառուցել, այս մտքին ենք գալիս, որ օտար երկրների ազդեցության գործակալներ են։ Ցանկացած ազգ, եթե միանում է, միանգամից հզորանում է, մենք պետք է միանանք։ Իշխանություններն արտաքին ուժերի թելադրանքով են շարժվում, ազգը կիսելով՝ թուլացնում են։ Այս անջատումը, անկախությունը դրսից բերված թեզ է, դրանով արդեն 30 տարի է՝ մեր ազգը կիսած պահում են։ Այդ պատճառով այսօր ողբերգական վիճակում ենք հայտնվել։ Միայն միացումն է մեր փրկությունը։

Արցախցիները բոլորն էլ գիտեն, որ մեր վերջը միացումն է։ Առանձին ու անկախ պետություն ժողովուրդը չի պատկերացնում։ Ընդհակառակը, մարդիկ ասում են, որ այդ անկախություն ուզում են չինովնիկները, որ իրենց հանցագործությունները կոծկեն ու պատասխանատվության չենթարկվեն։ Սա է խնդիրը, որ Ղարաբաղի իշխանություններն ուզում են անջատ լինել, նույնը շարունակել, այս թալանն ու «գորշ գոտին» իրենց է ձեռնտու։